Ծափաթաղ գյուղի 3-ամյա կորած տղայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ի՞նչ է հայտնի
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Այսօր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համայնքային ու քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողների, կամավորների և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Սևանի քննչական բաժնի քննիչների, Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ և հարակից գյուղերի բնակիչները կամավորների հետ շարունակում են 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:
Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգները որոնողական աշխատանքները շարունակում են Ծափաթաղ գյուղի դիմաց՝ Սևանա լճի հարակից մի քանի կմ-անոց հատվածներում:
Տիգրանի հարազատները նշել են, որ նա տան փոքր երեխան է, 5 երեխաներից կրտսերը: Տիգրանը գնացել է մանկապարտեզ, վերադառնալուց հետո փոխել է շորերը, վարդագույն տաբատ, մոխրագույն շապիկ է եղել հագած։
Վերջին անգամ Տիգրանի հետ եղել է նրա 4-ամյա եղբայրը, որը խոսել չի կարողանում, բայց, ինչպես հորաքույրն է հայտնում՝ եղբայրը վախեցած է և երբ նրան հարցնում են՝ ուր է Տիգրանը՝ պարանոցն է ցույց տալիս։
Առանց ընդմիջման ողջ գիշեր և մինչև այս պահը Ծափաթաղ գյուղում աշխատում են նաև ոստիկանության և փրկարար ծառայության կինոլոգներ, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի բազմաթիվ ծառայողներ։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։


