Մամուլ

Ծառուկյանը դատի է տվել Աբովյան համայնքին․ պահանջում է անվավեր ճանաչել տուգանելու որոշումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Վարչական դատարանը հայցը ստացել է հուլիսի25-ին, գործը մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին։

Հայցադիմումով Ծառուկյանը պահանջում է անվավեր ճանաչել Աբովյան համայնք ղեկավար Էդուարդ Բաբայանի 27.05.2025 թվականի որոշումը։

«Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 դրամի չափով, իսկ գյուղական բնակավայրում սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 դրամի չափով», – գրված է որոշման մեջ։