Մամուլ

Ծաղկի բիզնեսը ոչ թե Վանեցյանինն է, այլ՝ ֆեդերացիայինը

Ծաղկի բիզնեսը ոչ թե Վանեցյանինն է, այլ՝ ֆեդերացիայինը: Հրապարակը գրում է․ Ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող Հանրապետական մարզադաշտի տարածքում ծաղիկների բիզնեսի թեման թեժացավ Վանեցյանի պաշտոնանկությունից հետո։ Դրանով սկսեցին զբաղվել իրավապահները, իսկ ծաղկավաճառներին տանել-հարցաքննելն ընկալվեց որպես Վանեցյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների դրսեւորում։

Սակայն ոստիկանությունը դեռ այն ժամանակ հավատացնում էր, որ դա Վանեցյանի դեմ չէ ուղղված, որոշ աղբյուրներն էլ ասում էին, որ ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի դեմ է։

Երեկ ոստիկանությունը հայտնեց, որ տվյալներ են ձեռք բերվել  այն մասին, որ 2003-ից մինչեւ 2018 թվականի հուլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Վ․ Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։

«Կազմակերպել են ծաղկի բիզնեսը ՝ մեծածախ վաճառքի տոնավաճառ, եւ ծաղկի առեւտրով զբաղվող անձանցից օրական հավաքագրված ընդհանուր շուրջ 160 հազարական դրամները մասնակի են մուտքագրել դրամարկղ։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 849. 600 հազար դրամ, որից ձեւակերպվել է ընդամենը 149 հազարը։

Այսկերպ թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառությունը, եւ չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 97․861․424 դրամի հարկեր։ Բացի այդ, լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետտուրքի մասով պետությանը պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10 մլն դրամի վնաս»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ ոստիկանության՝ մարզադաշտի տնօրինությունը, որն անհատ ձեռներեցի հետ պայմանագիր է կնքել,  փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով ծաղկի մեծածախ վաճառք։ Այս դեպքում լիցենզիայի համար նախատեսված պետտուրքի մասով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 2 մլն դրամի վնաս։ Հարուցված քրեական գործով զբաղվում է ՊԵԿ քննչական վարչությունը։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի պաշտոնավարման շրջանին են վերաբերում նշյալ փաստերը, այս օրերին հեռախոսազանգերի չի պատասխանում։ Ակնհայտ է, որ նա խուսափում է ավելորդ զրույցներից, քանի որ նրա գլխին քննչականի «սուրն» արդեն կախված է։

Մենք զրուցեցինք  Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամներից մեկի հետ, որն այդ կարգավիճակում է եղել 2009-ից մինչեւ 2018-ի սեպտեմբերը, այսինքն՝ մինչեւ Վանեցյանի նշանակումը։ Նա մեզ որոշ մանրամասներ հաղորդեց։ Գործկոմում աշխատել է 15 անձ, որոնք գումար չեն ստացել, աշխատել են հասարակական հիմունքներով։ Իրավական բնույթի ամբողջ փաստաթղթերը մշակել է Վիկտոր Դալլաքյանը։ Ասում են՝ մեր Ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությամբ հիացել է նույնիսկ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ու մեր Վիկտոր Դալլաքյանի մասին ասել է․ «Այդ մարդն ո՞վ է, մենք նրան մեծ փողեր կտանք, թող գա մեզ մոտ աշխատի»։

Թե ինչքան հարկ էր վճարում ծաղկի շուկան ու ինչ կապ ուներ ՀՖՖ նախագահի հետ, մեր աղբյուրը տեղյակ չէ, բայց ասաց, որ ֆինանսների հարցում խստագույն հսկողություն է եղել։ «Ֆուտբոլի դաշտեր են կառուցվել՝ Ավանի ակադեմիան, Վանաձորինը, Գյումրիինը։ Վանաձորինը կառուցվել է մոտ 4 մլն դոլար գումարով։ Ես տեղյակ չեմ ոստիկանության հաղորդագրությունից, սակայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր տարի ՀՖՖ նախագահը ներկայացրել է հաշվետվություն ֆինանսական գործունեության մասին եւ աուդիտ, որը, որքան հիշում եմ, միջազգային կազմակերպություն էր անում։

Բացի դա, գալիս են նաեւ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները եւ ֆեդերացիայի ֆինանսական հաշվետվությանը գնահատական են տալիս։ Ես հիշում եմ, որ վերջին ժողովին եկել էր հայտնի ֆուտբոլիստ Շուկերը՝ Խորվաթիայից։ Ֆեդերացիայի միջոցները գոյացել են ֆուտբոլի խաղերի հեռարձակումներից։

Ընդ որում՝ Հայրապետյանը լավ պայմաններով էր կնքում պայմանագրերը, իսկ հեռարձակումները միջազգային հսկողության տակ են։ Երկրորդ աղբյուրները ՈՒԵՖԱ-ի ֆինանսական միջոցներն են, որոնց ծախսումները նրանք անընդհատ լրջորեն վերահսկում էին։ Ես չեմ ասում, որ նրանք հրեշտակներ են եղել, բայց իրավական առումով ամեն ինչ հստակ է եղել»,- ասում է մեր աղբյուրը։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել