Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա
Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հայտարարություն են տարածել Պավլիկ Մանուկյանի հարցազրույցի վերաբերյալ:
«Պավլիկ Մանուկյանն իր 19/10/18 թ. հարցազրույցում Գարեգին Չուգասզյանին անվանել է դասալիք, պնդել է, որ նա իրավունք չունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ ու կեղծ մեղադրանք է հնչեցրել Սասնա Ծռեր խմբավորման իր որոշ ընկերների վերաբերյալ:
1. Որևէ մեկը, որ չի եղել Սասնա Ծռեր խմբավորման անդամ, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանը և Հիմնադիր խորհրդարանի այլ անդամները, ինչպես նաև մեր բոլոր մյուս հայրենակիցները, Սասնա Ծռերի զինված գործողության համատեքստում չեն կարող լինել դասալիք: Իսկ անձամբ Գարեգին Չուգասզյանը կարևոր ներդրում է ունեցել թե ապստամբության օրերին, թե դրան հաջորդած պայքարի ամբողջ ընթացքում:
2. Գարեգին Չուգասզյանը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ղեկավար մարմնի՝ Քարտուղարության անդամ է, ուստի իրավունք ունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից:
3. Սասնա Ծռեր խմբավորումը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը տարբեր կառույցներ են, ուստի դրանց միտումնավոր նույնացումը և այդ կեղծ նույնացման շահարկումը մոլորեցնում է մարդկանց:
4. Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը, որ փառավոր կենսագրություն ունի և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ անօրինակ հերոսական արարք է կատարել՝ նաև իր որդուն զոհասեղանին դնելով, ինչի շնորհիվ արժանիորեն վայելում է անձամբ մեր, մեր ընկերների և մեր ժողովրդի սերն ու հարգանքը, վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա»- ասված է հայտարարության մեջ:
Աղբյուր՝ armlur.am