ՄամուլՏեսանյութ

Խոպան գնացած երիտասարդի՝ մորն ուղարկած փողը պետք է հարկվի. ԼՀԿ պատգամավորը՝ համատարած հայտարարագրման մասին

Խոպան գնացած երիտասարդի՝ մորն ուղարկած փողը պետք է հարկվի. ԼՀԿ պատգամավորը՝ համատարած հայտարարագրման մասին

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, ըստ ֆինանսների նախարարի, ենթադրում է, որ ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն՝ իրենց եկամուտների վերաբերյալ:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք երկքաղաքացիներ են եւ ապրում են, օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես նաեւ որոնք ապրում են ՀՀ-ում, սակայն աշխատում են, օրինակ՝ Ռուսաստանում, պարտավոր են լինելու հայտարարագրեր ներկայացնել եւ վճարել եկամտային հարկ ՀՀ-ում, իսկ եթե արդեն վճարել են հարկը ՌԴ-ում, ուրեմն ՀՀ-ում պետք է վճարեն մեր եւ իրենց հարկման դրույքաչափի դրական տարբերության չափով:

Որպեսզի ամբողջությամբ հասկանալի լինի, դիտարկենք մեկ օրինակ՝ տղան մեկնել է ՌԴ աշխատելու (խոպան), ստացել է ՌԴ քաղաքացիություն եւ մնացել է այնտեղ ապրելու, սակայն պահպանվել է նրա ՀՀ քաղաքացիությունը: Տղան գրանցված աշխատող չէ, աշխատում է որպես բանվոր, ամառանոցներ է կառուցում: Ամեն ամիս նա ուղարկում է Հայաստան անկանխիկ փոխանցումների միջոցով իր մորը 200$ գումար: 

Համաձայն եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի՝ եւ տղան, եւ մայրը պարտավոր են լինելու ներկայացնել հայտարարագրեր՝ բացահայտելով իրենց եկամուտները:

Մայրը տվյալ եկամտի գծով եկամտային հարկ չի վճարի, քանի որ նվիրատվությունը չի հարկվում, բայց տղան պարտավոր կլինի վճարել 22% եկամտային հարկ 2021թ. համար՝ ՌԴ-ում իր ստացած աշխատավարձից, իսկ եթե նա ՌԴ-ում վճարած լինի, օրինակ՝ 13% հարկ, ապա ՀՀ-ում ստիպված կլինի վճարել 22-13=9% եկամտային հարկ:

Հիշեցնեմ, որ 2017-2019 թթ. դեպի ՀՀ մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է տարեկան շուրջ 1.7-2 մլրդ. ԱՄՆ դոլար:

Նշված եղանակով այս համակարգի ներդրումը կարող է բերել ոչ լավ օրից իրենց տունը լքած, արտագնա աշխատանքի մեկնած, ՀՀ քաղաքացիությունը պահպանած մեր հայրենակիցների մոտ անարդարության զգացողություն եւ խիստ դժգոհություն: Առկա է ռիսկ, որ կարող է սկսվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց, ինչը խիստ անցանկալի է մեր երկրի պարագայում:

Կոչ եմ անում իշխանություններին շատ զգույշ լինել այս հարցերում եւ հանրային լայն քննարկումից հետո միայն անդրադառնալ այս համակարգի ներդրմանը»,-գրել է Խաչատրյանը։ 

Կիսվել