Խոշոր և շղթայական ավտովթար Երևանում. երթևեկությունը մի քանի ժամ դադարեցվել էր. կան վիրավորներ
Shamshyan.com-ը հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում Խանջյան 19 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Էդուարդ Պ․-ի վարած «Nissan» մակնիշի, 57-ամյա Խաժակ Գ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սլավիկ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Հակոբ Շ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արև Տեր-Դավթյանն ու Հովսեփ Հովհաննիսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Էդուարդ Պ.-ն եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



