Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են բեռնատար «Գազել»-ն ու MAN-ը
Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են բեռնատար «Գազել»-ն ու MAN-ը
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Մինչ տեղում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկներն արձանագրեցին տուժածներից մեկի մահը, ինչի համար էլ Դ. Մխիթարյանը դադարեցրեց իր գործողությունները դեպքի վայրում։
Տեղում են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Արթուր Ազիզյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ. Դավթյանի որոմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Opel մակնիշի ավտոմեքենան, որը հարվածել է բեռնատար ГАЗель-ին, ինչի հետևանքով ГАЗель-ը կորցրել է մեքենայի կառավարումը, ապա բախվել բեռնատար Man-ին, իսկ Opel-ը դեպքի վայրից դիմել է փախուստի: