Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են BMW-ն ու Infiniti-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են BMW-ն ու Infiniti-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ կամարի տակ, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Գարեգին Չոբանյանի վարած BMW X 5 մակնիշի և 27-ամյա Ռազմիկ Սնգրյանի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Սնգրյանը տեղում մահացել է, իսկ Գ. Չոբանյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Առաքելյանն ու Infiniti-ի  ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռուբեն Բադալյանը քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և 16-րդ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկների  օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

xoshor avtovtar

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելուց առաջ տեղում առաջին բուժօգնությունն  են ցուցաբերել: Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ  վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

bmw infinit

Վթարի մասին պարեկային ծառայության  Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես  կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Infiniti-ն Մյասնիկյան պողոտայով դեպի Հերացի իջնելիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել BMW-ին:

Կիսվել