ՄամուլՇոու-բիզնես

«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»․ Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

«Խոշոր ներդնողների հետ բանակցություններ եմ սկսել, Հայաստանում իմ ապրանքի արտադրությամբ զբաղվելու համար»: Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին Երևանում է և բոլորի ուշադրությունը պահում է իր անձի շուրջ: WCIT համաշխարհային համաժողովի ժամանակ նա ելույթ ունեցավ՝ պատմելով, թե ինչ դեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաներն իր կյանքում: Քիմը խոսեց նաև Հայաստան այցի մասին՝ խոստանալով, որ առաջիկայում մեծ նորություններ կլինեն կապված մեր երկրի հետ:

Ելույթից հետո Քիմը հանդիպեց հայաստանյան լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ և պատասխանեց հարցերին: Ելույթի ժամանակ Քիմը նշեց, որ Երևանի փողոցներով քայլելիս շատ է ոգեշնչվել և մտահղացել է հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել: Ավելի վաղ ռեալիթի շոուների աստղը հայտարարել էր, որ Հայաստանում կհիմնի իր SKIMS ապրանքանիշի արտադրությունը:

Tert.am Life-ի հարցին՝ նպատակ ունի՞ արդյոք իր կոսմետիկ միջոցների և մյուս բրենդների բիզնեսը ևս հիմնել Հայաստանում, նա պատասխանեց, որ հույս ունի, որ դա իր մոտ կհաջողվի:

«Հուսով եմ՝ այո: Ես ծրագրեր ունեմ իմ կոսմետիկ միջոցները ներկայացնել միջազգային հանրությանը: Դա իմ երազանքն է, ուստի՝ ուրախ եմ այս ուղևորության համար, որի շրջանակում այս ուղղությամբ քննարկումներ են տեղի ունենում հայաստանյան խոշոր ներդրողների հետ: Ուրախ եմ այստեղ գալու հնարավորության համար»,- ասաց նա։

Քիմն առաջիկայում մի շարք նորություններ է խոստանում կապված Հայաստանի հետ: Նա  նշեց, որ արդեն իսկ բանակցություններ է վարում Հայաստանի խոշոր ներդնողների հետ իր SKIMS ապրանքանիշի արտադրության համար գործարան գտնելու նպատակով:  

«Ինձ համար հաճելի է հայկական ընկերությունների հետ համագործակցությունը: Իմ երազանքն է Հայաստանում բացել shapeware-ի (կիպ ներքնահագուստի) իմ արտադրամասը: Հիմա բանակցություններ եմ վարում հայաստանյան խոշոր ներդրողների հետ՝ shapeware-ի գործարան գտնելու համար: Փորձում եմ հասկանալ, թե ինչ գործարաններ կան, որտեղ կարող եմ զբաղվել իմ ապրանքի արտադրությամբ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իրականում ես այսօր հանդիպում ունեմ, որի ընթացքում քննարկելու ենք այդ թեման»,- պատմեց նա:

Քիմը միշտ խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Հարցին՝ այդ թեմայով զրույց ունեցե՞լ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա պատասխանեց. «Ես միշտ եմ խոսում այդ մասին, խոսել եմ նաև Սպիտակ տանը: Այդ մասին առանձին զրույց չեմ ունեցել ԱՄՆ նախագահի հետ, բայց պարբերաբար առանձնազրույցներ եմ ունեցել Սպիտակ տան պաշտոնյաների հետ: Դա իմ նպատակն է և չեմ դադարի պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար»:

Սոցցանցերը, որպես կարևորագույն գործիք օգտագործող աստղից, հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվության մասին:

«Կարծում եմ՝ նրա ակտիվությունը սոցցանցերում կարող է արդյունավետ լինել: Մարդկանց շրջանում սոցցանցերը մեծ տարածում ունեն, ուրեմն՝ ինչու ոչ: Հաճելի է սոցցանցերում ունենալ քաղաքական գործիչներ, որոնց հետ մարդիկ կարող են անմիջականորեն հաղորդակցվել, ուստի ՝այն կարող է նաև արդյունավետ լինել»,- ասաց նա:

Քիմի կյանքը հիմնականում էկրանների առաջ է անցնում: Այսպիսով՝ հանրային են դառնում նաև նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, որոնց, երբեմն, կարելի է նկատել: Ռեալիթի շոուների աստղը նկատեց, որ իր կյանքի մեծ մասն անցել է բնականոն հունով՝ առանց փառքի: Կյանքի ներկայիս ռիթմում Քիմն առաջնային է համարում երեխաների դաստիարակությունը:

«Երեխաներս իրենց զարմիկների շրջապատում նրանք բնականոն մանկություն ունեն: Նրանք չափազանց հնազանդ երեխաներ են, որոնք դեռևս պատկերացում չունեն այս ամենի մասին: Ես հպարտ եմ երեխաներիս լավ դաստիարակությամբ: Ես ականատես եմ եղել, թե ինչպես են անվտանգությամբ ու հարստությամբ շրջապատված իմ ընկերները հիանալի անհատներ դարձել: Իմ նպատակն է մեծացնել բարի, կարգապահ երեխաների, ինչն առայժմ այդպես էլ կա: Դրա համար ես չափազանց հպարտ եմ: Ցանկանում եմ նրանց դաստիարակել որպես հիանալի անհատներ, ուստի՝ այդ ուղղությամբ պետք է մեծ ճիգեր գործադրեմ: Ես ու քույրերս՝ բոլորս, նույն պատկերացումն ունենք այս հարցի մասին: Գիտենք, որ դժվար է լինելու, բայց մեծ հաճույքով ու համատեղ ուժերով մեծացնում ենք մեր երեխաներին: Դուք կզարմանաք, թե որքան կարգապահ ու չարաճճի երեխաներ են նրանք»,- ժպիտով ասաց Քիմը:

Ի դեպ, Քիմը Հայաստանում է ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։ Նրանք հասցրեց Հայաստանում մկրտել նաև իրենց երեխաներին:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել