Խոշոր հրդեհ Գավառ քաղաքում․ հրդեհը մարելուց հետո, ննջասենյակում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դին
Խոշոր հրդեհ Գավառ քաղաքում․ հրդեհը մարելուց հետո, ննջասենյակում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի տներից մեկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են Հենրիկ Աբրահամյան փողոցի 5-րդ փակուղու թիվ 22 տան ննջասենյակում առաջացած հրդեհը, որտեղ՝ ննջասենյակի հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է կիսայրված դի:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:
Ոստիկանները տեղում պարզել են, որ տան սեփականատերը Արսեն Մելքոնյանն է, իսկ մահացածը 43-ամյա Վիկտորիա Անտոնիշինն է:
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։