Մամուլ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Mercedes-ը Իշխանասարի ճանապարհին վթարի է ենթարկվել․ 4 վիրավորները զինվորականներ են

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Mercedes-ը Իշխանասարի ճանապարհին վթարի է ենթարկվել․ 4 վիրավորները զինվորականներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 13։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Սյունիքի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ նախաքննությամբ զբաղվի Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժինը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։

Կիսվել