Մամուլ

Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային համալիրներից մեկի առջև տեղադրված երկաթե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպը կոտրվել է։

Կիսվեք էջում