Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 9 վիրավոր կա

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության և Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում