Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ը, Infiniti-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ը, Infiniti-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Թբիլիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Շավարշ Կարապետյանի վարած Infiniti մակնիշի, 41-ամյա Արմեն Մանասարյանի վարած Opel մակնիշի և 20-ամյա Էրիկ Պողոսյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Է. Պողոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Արգիշտի Հարությունյանը՝ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Տաթևիկ Պարոնյանն ու Հովաննես Դավթյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ս. Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: