Խոշոր ավտովթար․ բախվել են Պաշտպանության նախարարության 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարրիբեկյան գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Միշա Հակոբյանը և կրտսեր պարեկ Ջոնիկ Գևորգյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզի ծառայողները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/07/23/1287737