Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 2 ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել և շպրտվել են․ կա 4 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արմավիր-Նալբանդյան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բամբակաշատի խաչմերուկում, բախվել են 63-ամյա Ալբերտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 28-ամյա Նորիկ Ղ․-ի վարած «BMW X5» մակնիշի և 75-ամյա Անդրանիկ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW X5»-ի և «Mercedes»-ի դիմացի անվահեծանները պոկվել և շպրտվել են, իսկ վերջինը մասամբ հայտնվել է առվակի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։