Խոլեսթերինի մակարդակը նվազեցնող մթերքներ
Խոլեսթերինի մակարդակը նվազեցնող մթերքներ
Արյան մեջ խոլեսթերինի մակարդակը առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է:
Մարդը խոլեսթերինի մոտ 20%-ը ստանում է սննդից (մասնավորապես՝ կենդանական ճարպերից, մսից, սպիտակուցների որոշ տեսակներից և այլն), իսկ մնացած 80%-ը արտադրում է լյարդը:
Այն երկրորդային միատոմ ցիկլիկ սպիրտ է: Արյան մեջ և հյուսվածքներում այն հանդիպում է ազատ և եթերացված տարատեսակներով:
Այն սովորաբար բաժանվում է երկու տեսակի՝ «վատ» և «լավ»: Երկու տեսակներն էլ գտնվում են արյան պլազմայում՝ լիպոպրոտեինների բաղադրության մեջ:
«Լավ» խոլեսթերինը բարձր խտության լիպոպրոտեինների պայմանական անվանումն է:
Այս տեսակի հիմնական գործառույթն ավելորդ խոլեսթերինը վերամշակման համար արյան միջից լյարդ տեղափոխելն ու հետագայում օրգանիզմից դուրս բերելն է, ուստի այս տեսակը պաշտպանում է օրգանիզմը լուրջ հիվանդություններից և մաքրում է անոթների ներքին պատերը:
Ի տարբերություն «լավ» խոլեսթերինի՝ «վատ» խելեսթերինը կուտակվում է զարկերակների պատերին՝ առաջացնելով խցանումներ:
Այն միանում է ապոպրոտեինների հետ՝ առաջացնելով ճարպասպիտակուցային նյութեր՝ ցածր խտության լիպոպրոտեիններ: Առողջության համար վտանգավոր է համարվում հենց այս խոլեսթերինի բարձր մակարդակը:
Դրա բարձր մակարդակը կարող է փոփոխություն առաջացնել անոթների աշխատանքում, մասնավորապես՝ հանգեցնել աթերոսկլերոզի։
Այն միշտ չէ, որ վնասակար է։ Ավելին, առանց դրա մարդու օրգանիզմը չի կարող ճիշտ գործել։
Այն անհրաժեշտ է բջջային մեմբրանների պատերի ամրացման համար, բացի այդ կառուցանյութ է բջիջների համար։ Շտապօգնության դեր է կատարում անոթների պատերի վնասման և էրիթրոցիտների ամբողջականության խախտման դեպքում։ Անհրաժեշտ է կորտիկոստերոիդների արտադրման համար, մասնակցում է նյութափոխանակությանը։
«Խոլեսթերին» տերմինի տակ հասկանում են միացություն, որն ապահովում է ճարպային փոխանակության ընթացքը և պատկանում է լիպիդների դասին։ Մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն սինթեզել տվյալ նյութը։
Այն օրգանիզմում հանդիսանում է ճարպաթթուների, սեռական հորմոնների, կորտիկոստերոիդների, վիտամին D- ի սինթեզման սկզբնաղբյուր:
Այդ գործընթացը տեղի է ունենում լյարդում և աղիներում։
Այն օրգանիզմում շրջանառվում է ջրալույծ սպիտակուցային թաղանթով՝ ապոլիպոպրոտեինով պատված և այդ միացությունը կոչվում է լիպոպրոտեին։
Օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը որոշելու համար անհրաժեշտ է դիմել թերապևտին։ Մասնագետն արյան քննություն կնշանակի։
Որպեսզի հետազոտությունը ճիշտ արդյունք տա, հետազոտվողը նախօրեին պետք է հրաժարվի ֆիզիկական ծանրաբեռնվածություններից, հրաժարվի ալկոհոլից և արյունը հանձնի քաղցած վիճակում։
Հետազոտության համար օգտագործվում է երակային և կապիլյարային արյուն:
Բարձր մակարդակի դեպքում պացիենտին նշանակվում է համապատասխան դիետա, իսկ առողջական խնդրից ելնելով՝ նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ:
Նորման` ըստ տարիքի համարում են հետևյալ ցուցանիշները (մմոլ/լ ).
- մինչև 5 տարեկան երեխաները՝ 2.9-5.25,
- 5-10 տարեկան կրտսեր դպրոցականները՝ 3.13-5.3,
- 10-15 տ դպրոցականները՝ 3.08-5.23,
- 15-40 տ երիտասարդները՝ 3.37-6.58 (կանանց համար` մինչև 5.96),
- 40-60 տ հասուն մարդիկ՝ 4,09-7.38,
- 60 տարեկանն անց մարդիկ՝ 4.09-7.85։
Որ մթերքներն են նվազեցնում խոլեսթերինի մակարդակը
Շատ օգտագործեք թարմ մրգեր, բանջարեղեն, խուսափեք կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Կանոնավոր կատարեք ֆիզիկական վարժություններ՝ շաբաթական առնվազն 3 անգամ՝ 20-40 րոպե տևողությամբ:
Զբոսնեք, հեծանիվ քշեք, պարեք, զբաղվեք լողով, եղեք ակտիվ, հրաժարվեք ծխելուց:
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում մի շարք մթերքներ, որոնք կօգնեն նվազեցնել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։
Ծաղկակաղամբ
Հակաբորբոքային միջոց, օրգանիզմում նվազեցնում է տրիգլիցերիդներն ու խոլեստերինը, կարգավորում է արյան ճնշումը:
Ավոկադո
Չհագեցած ճարպային թթուներով հարուստ այս յուղոտ միրգը թույլ է տալիս Ձեզ վերահսկողության տակ պահել դրա մակարդակը, մաքրում է անոթները, ամրացնում է դրանց պատերը եւ կանխում խցանումը։
Խաղող
Կարմիր և մանուշակագույն խաղողը նվազեցնում է արյան գնդիկների առաջացման հավանականությունը: Այն նաև հարուստ է սրտանոթային առողջության համար օգտակար հակաօքսիդանտներով՝ այդ թվում ռեսվերատոլով ու Ֆլավոնոիդներով:
Ձուկ
Օմեգա-3-ով ամենահարուստ այս սննդամթերքը բարձրացնում է դրական խոլեստերինն ու նվազեցնում բացասական խոլեսթերինը:
Բանան
Բանանը նպաստում է օրգանիզմից «վատ» խոլեստերինի հեռացմանը՝ կանխելով այն արյան հոսքի մեջ ընկնելը եւ զարկերակների խցանումը։
Խնձոր
Խնձորը կանոնավոր օգտագործման դեպքում գրեթե 40%-ով իջեցնում է խոլեստերինը: Խնձորի հյութը բնական բուժում է բոլոր նրանց համար, ում մոտ նկատվում է խոլեսթերինի բարձր մակարդակ:
Ձիթապտուղ և ձիթապտղի ձեթ
Այն չափազանց հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք կարեւոր են օրգանիզմի պատշաճ գործունեության բոլոր համակարգերի համար։ Դրանք նպաստում են «լավ» խոլեստերինի բարձրացմանը եւ ապահովում են սրտանոթային հիվանդությունների կանխարգելում:
Նուռ
Պունիկալագիններ կոչվող նյութը, որը կարելի է գտնել միայն նռան մեջ իջեցնում է բացասական խոլեսթերինը, արյան բարձր ճնշումը, ինչպես նաև կանխում արյունատար անոթների կարծրացումը:
Վարսակ
Վարսակը թեև հիանալի համ չունի, սակայն օգնում է նվազեցնել, ինչպես նաև քայքայել խոլեսթերինն արյան մեջ: Բացի վարսակից կարելի է օգտագործել լոբազգիներին պատկանող մթերքներ: