Մամուլ

Խոզի գրիպը կրկին Հայաստանում է. ինչ խորհուրդներ է տալիս առողջապահության նախարարությունը

Խոզի գրիպը կրկին Հայաստանում է. ինչ խորհուրդներ է տալիս առողջապահության նախարարությունը

Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի (խոզի գրիպ) վիրուսի հարուցիչ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հավաստմամաբ, պատվաստումն է։

«Հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել»,- հիշեցնում են կենտրոնից:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.

Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,

Խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

Եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,

Եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

Հագնվե´ք եղանակին համահունչ,

Պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

Օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

Հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

Հետևե´ք անձնական հիգիենային։

Նշենք, որ Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացմանը զուգահեռ հոկտեմբեր ամսից սկսվել է գրիպի դեմ պատվաստման գործընթացը։

Կիսվել