Մամուլ

Խեղդվող խաղընկերներին փրկած 10-ամյա Արմենը դեպքից հետո երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել

Խեղդվող խաղընկերներին փրկած 10-ամյա Արմենը դեպքից հետո երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել

Արմավիրի մարզի Թալինի ջրանցքում խեղդվող երեխայի կյանքը փրկած և այսօր դրա համար պարգևատրված 10-ամյա Արմենի մայրը՝ Ագապին, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ դեպքից հետո որդին երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել:

«Երկար ժամանակ երեխան կատարվածը չէր մոռանում, գիշերները քնելիս էլ էր հիշում, անընդհատ աչքի առաջ էր այն պահը, թե ոնց է խեղդվող տղան ջրում տանջվելիս եղել, մի քանի անգամ սուզվել ջրի հատակն ու նորից վեր բարձրացել»,- ասաց Ագապին: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի ամռանը, պարզապես համավարակով, ապա նաև պատերազմի պատճառով տղայի պարգևատրումը հետաձգվել է: Արմավիրի մարզպետն այսօր է Արմենին խիզախության մեդալ և դիպլոմ է շնորհել:

«Ես տանը չէի, աշխատում էի՝ բերքահավաքի ժամանակ էր, եկա, տեսա բոլորը մեր այդ ջրի կանալի մոտ են հավաքվել: Արմենս դեպի ինձ վազեց, բայց այնքան վախեցած էր, որ անգամ խոսել չէր կարողանում»,- վերհիշեց մայրը:

armen 1

Ագապիի խոսքով՝ տղայի խաղընկերներից երկուսն են ջրում սուզվելիս եղել: Արմենն արագ կողմնորոշվել է, տեղանքում քար ու թել գտել, քարը կապել թելից, շպրտել ջուրը, որ ընկերներին կարողանա օգնել. «Մի տղան, որ ափին ավելի մոտիկ է եղել, բռնվելով թելից, կարողացել է արագ դուրս գալ: Մյուս տղային էլ է փորձել նույն կերպ օգնել, բայց նա արդեն ափից հեռացած է եղել, ալիքը քշել է ջրանցքի մյուս կողմը»:

Արմենը շնչակտուր այնքան է գոռացել, որ մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը հասել է օգնության: Վերջինս նետվելով ջրանցքը՝ լողալով հասել է սուզվող երեխային ու դուրս բերել նրան:

Ագապիի խոսքով՝ ջրանցքում հայտնված երկու երեխաներն էլ իրենց լավ են զգում և հետագա առողջական խնդիրներ նրանց մոտ չեն առաջացել: Իսկ այն երեխան, որը ջրանցքի մյուս ափ էր հասել և դուրս բերվել ավելի ուշ, երբ գրեթե արդեն խեղդվում էր, ամառային արձակուրդներին Արգինա գյուղ էր գնացել տատիկին հյուր:

Կիսվել