Մամուլ

Խարդախությամբ բանկից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ խարդախությամբ փորձ է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն եվրո։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից՝ 2018 թվականի մայիսին, ըստ որի՝ քաղաքացու կողմից ներկայացվել է բանկային կեղծ մուրհակ՝ 1 մլն եվրո վճարելու պարտավորության վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին, 2018թ. ապրիլին ժամանելով Հայաստան, տարբեր անձանց հետ հանդիպումների ժամանակ ներկայացել է որպես գործարար և Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկության վերաբերյալ հայտարարություններ արել՝ նպատակ ունենալով իր անձի վերաբերյալ ձևավորել պոտենցիալ ներդրողի կարծիք:

2018 թվականի ապրիլի 9-ին օտարերկրացին «էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ներկայացրել է «էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Փի Էլ Սի ընկերության տվյալներով լրացված, 06.10.2017 թվագրված մուրհակ և նամակ՝ ընկերության անվերապահ պարտավորության վերաբերյալ՝ մուրհակի շահառու ընկերությանը կամ մուրհակը ներկայացնողին վճարել 1.000.000 եվրոյի չափով գումար, և պահանջել բանկից իրեն կանխիկ վճարել նշված 561.190.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 եվրո գումարը:

Մուրհակի վրա առկա անձանց ստորագրությունների իսկությունն ստուգելիս պարզվել է, որ դրանք կեղծ են, և որ բանկ ներկայացվել է կեղծ մուրհակ։ Օտարերկրացին, հասկանալով, որ ներկայացված մուրհակը կասկածի տեղիք է տվել, կարճ ժամանակ անց՝ նախքան բանկի կողմից իրավական ընթացք տալը, հեռացել է Հայաստանից։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել օտարերկրացուն (ԻԻՀ քաղաքացի) ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել