Մամուլ

Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու մարմինը. երեկ նրա ծննդյան օրն էր

Այսօր՝ հունվարի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: 

Shamshyan.com-ի փոխանցամմբ՝ ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին: 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Է. Պողոսյանը: 

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալի և ավագ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ մահացածի ծննդյան օրն է եղել, իսկ նշված տանը նա ապրում էր վարձակալական հիմունքներով:

Կիսվեք էջում