Մամուլ

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ran Oil բենզալցակայաններում խաբո՞ւմ են մարդկանց. բացառիկ մանրամասներ

MediaHub-ը գրում է․ «MediaHub-ի հավաստի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ran Oil բենզալցակայաններում, մասնավորապես, Նորագավիթի կամրջի հարևանությամբ գործող կետում, բացահայտորեն զբաղվում են կեղծիքով ու ապատեղեկատվությամբ։ 

Բոլոր այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են ադրբեջանական բենզին լցնել, լցակայանի աշխատակիցները հայտարարում են, թե այդ բենզինը բուլղարական է, նոր է ներմուծվել Հայաստան, այդ պատճառով էլ էժան է, իսկ ադրբեջանական բենզին առհասարակ գոյություն չունի։

Այդ լցակայանի ծառայություններից օգտված քաղաքացիներից մեկը MediaHub-ի հետ զրույցում նշեց՝ երբ ինքը շեշտել է, որ ավելի լավ է իր մեքենան լիցքավորի թանկ, քան ադրբեջանական էժան բենզինով, աշխատակիցը պատասխանել է, որ սա բուլղարական բենզին է, որը նոր է բերվել Հայաստան։

«Ադրբեջանին ո՞ւր է բենզին, որ մենք էլ ադրբեջանական բենզին վաճառենք»,- հավելել է աշխատակիցը։

Քիչ է հավանականությունը, որ բենզալցակայանի աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ զբաղվեն նման ապատեկեղեկատվությամբ, թեկուզ այն պատճառով, որ որևէ օգուտ իրենք այդ կեղծիքից չունեն։ Շարքային աշխատակցի համար ոչ մի տարբերություն չկա՝ քաղաքացին իր մեքենան կլիցքավորի ադրբեջանակա՞ն, թե՞ այլ բենզինով, քանի որ նույն լցակայաններում վաճառվում է նաև ոչ ադրբեջանական բենզին»։