Մամուլ

Խաչատուրովը չի նստելու. սրանց համար գլխավորը քրեական գործ հարուցելը, մարդուն խայտառակ անելն է, հետո՝ բաց թողելը. Գ. Եղիազարյան

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի նստելու, նրա վերաբերյալ քննվող քրեական գործն արժանանալու է վերջին շրջանում հնչեղություն ստացած մյուս քրեական գործերի բախտին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։

«Խաչատուրովը չի նստելու, որովհետեւ սրանց համար գլխավորը միայն քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը», – նշեց նա։

Ըստ նրա՝ Խաչատուրովին նախ պետք է հետ կանչեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա նոր նրա նկատմամբ քրեական գործ հարցեին։

Նրա խոսքով՝ իրականում Հայաստանը ՀԱՊԿ–ում կկորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որն ըստ նրա՝  իշխանությունները շուտով կորակեն հաղթանակ, ինչպես դա արեցին Կապանի համայնքապետի ընտրություններից հետո։

«Կապանում, երբ ՔՊ–ի թեկնածուն պարտվեց, ասացին՝ դա  ժողովրդավարության հաղթանակն էր, նույնը ՀԱՊԿ–ի դեպքում են անելու, երբ Հայաստանի ներկայացուցիչը չանցնի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8–ին Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:

ՀԱՊԿ ընդլայնված կազմով նիստից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչը:

Աղբյուր՝ news.am

Կիսվել