Խաշ ուտելը օգտակար է, եթե այն ճիշտ մատուցվի
Խաշ ուտելը օգտակար է, եթե այն ճիշտ մատուցվի
Այն հեղուկ տաք ապուր է, որը համարվում է հնագույն հայկական ուտեստներից մեկը, որը տարածում է ստացել Կովկասում և Անդրկովկասում և հավանաբար ունեցել է արարողական բնույթ։ Անունը ծագել է «խաշել» բառից:
Հնում այս ուտեստը համարվում էր աղքատների կերակուր, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվում էր այն, ինչ մնում էր ծիսական մատաղից կամ մսի վաճառքից:
Bavnews.am-ի հետ զրույցում, ավագ խոհարար Արտաշը նշեց, որ կան մի քանի կանոններ, որոնք պահպանելուց, խաշ ուտելը դառնում է օգտակար։
Սեզոնը Հայաստանում բացվում է ուշ աշնանը` առաջին ցուրտ օրերի ժամանակ և շարունակվում է մինչև տաք օրեր:
Խաշ պատրաստելու գործընթացը բավականին աշխատատար է ու երկարատև
Պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (ինչպես նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի) նաև փորոք։
Սեղանի վրա անպայման պետք է լինի՝ հանքային ջուր, բողկ, թթու, ծիծակ, չոր լավաշ, որը բավականին մեծ քանակությամբ ավելացնում են խաշի մեջ, մանրացված սխտոր, կանաչեղեն, պանիր, որոնք օգնում են, որ խաշի մեջ պարունակվող օրգանական միացությունները հեշտ տրոհվեն, ու խաշը հեշտ մարսվի։
Պետք է նաև նշել, որ եփելու ընթացքում խաշի մեջ աղ չեն ավելացնում, այն ավելացնում են ուտելու ժամանակ։ Այն մատուցվում է անալի, քանի որ աղ լցնելու դեպքում այն մգանում է:
Խաշ ուտում են վաղ առավոտյան, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում մարսեն
Տավարի տոտիկները 10-ից 12 ժամ պահում են հոսող ջրի տակ, որպեսզի միսը ազատվի արյան գնդիկներից, մաքրվի մազերից: Լավ մաքրելուց և լվանալուց հետո, այն խաշվում է 6-8 ժամ։
Խաշը եփվում է ոսկրերից, այդ պատճառով ապուրը հիմնականում կազմված է լինում այսպես կոչված ոսկրային նյութից (կոլագենից), որը ստացվում է ոսկրերը եռացնելու արդյունքում: Հենց կոլագենի առկայությամբ է բացատրվում այն, որ սառելով` խաշը ժելեի է նմանվում:
Այն ճիշտ ուտելու համար հարկավոր է իմանալ որոշ նրբություններ: Նախ խաշին պետք է աղ ու սխտոր ավելացնեք ինքներդ ձեր սրտով:
Երկրորդ՝ մսի կտորները ապուրից տեղափոխեք մեկ այլ ափսե:
Երրորդ՝ փոխանցված միսը ծածկել փափուկ հացով, որպեսզի չսառչի:
Չորրորդ՝ «իսկական խաշ ուտողները», այն ուտում են առանց գդալ, փոխարենը օգտագործելով փափուկ լավաշ: Խաշը ավելի լավ է համտեսվում, երբ այն ուտում եք ձեռքերով:
Կա երեք կենաց, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այն ուտելու ծիսակարգը Հայաստանում։ Առաջինը` «Բարով տեսանք», երկրորդը` «Այն պատրաստողների կենացը», երրորդը` «Այն ուտողների կենացը»։