Շոու-բիզնես

Լևս Դավթյան․ «Գլխավոր մեղավորը կա, պետք չէ այլ մեղավոր փնտրել»․ «Հրապարակ»

Լևս Դավթյան․ «Գլխավոր մեղավորը կա, պետք չէ այլ մեղավոր փնտրել»

«Հրապարակի» զրուցակիցը թատրոնի և կինոյի դերասան Լևս Դավթյանն է, ով «Իշխանություն» ֆիլմում խաղում է Նիկոլ Փաշինյանի դերը:

– Հայաստանում պատերազմը 2020-ից հետո չի ավարտվում: Էլի կրակոցներ, էլի զոհեր ու վիրավորներ: Դուք երբեք չեք խորշել Ձեր քաղաքական տեսակետները հայտնելուց: Ի վերջո` ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու Ձեր տարբերակը:

– Ինչպես բոլոր նորմալ, գիտակից մարդիկ, ես եւս կարծում եմ, որ իրավիճակից դուրս գալու ելքը պարտված իշխանություններին նոր իշխանություններով փոխարինելն է: Մի քանի տարի առաջ հարեւան Վրաստանի պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Վրաստանը կարող է ճգնաժամը հաղթահարել բացառապես իշխանափոխությամբ: Այսօր այդ խնդիրը Հայաստանում է, եւ ինչքան գնա, այնքան մեծանալու է վտանգը:

Ձգձգվում է ամեն ինչ, սակայն ոչ հօգուտ մեզ: Մի ժամանակ բանակցային գործընթացների ձգձգումը հօգուտ մեզ էր, տարածքներ չէինք կորցնում, զոհեր էլ կա՛մ չէինք տալիս, կա՛մ էլ շատ քիչ էինք տալիս: Հիմա ամեն ինչ փոխվել է, եւ բանակցությունների ձգձգումն Ադրբեջանի օգտին է:

Մենք ամեն օր կորցնում ենք ու ավելի շատ ենք կորցնելու, ավելի շատ զոհեր ենք տալու: Զոհ ունենալն ու տարածքներ կորցնելը դարձել են սովորական բան: Հիմա մարդիկ ուրախանում են, ասում են` ինչ լավ է, էս անգամ քիչ զոհ ունեցանք գոնե: Անցյալում, երբ մեկ զոհ էր լինում, այդ մեկ զոհի մասին տարիներով խոսում ու ցավում էինք, իսկ հիմա արդեն փոխվել են չափանիշները….

– Լևս Դավթյան՝ Դուք «Իշխանություն» ֆիլմում Նիկոլ Փաշինյանի դերն եք կերտել, վստահ եմ՝ նրա հոգեբանությունն ինչ-որ առումով ընկալել եք: Ի՞նչ եք կարծում` նա, ի վերջո, կունենա՞ համարձակություն՝ հրաժարական տալու:

– Կարծում եմ` նա ու իր թիմը շատ լավ ամեն ինչ հաշվարկել են: Հրաժարականն ունենալու է մի շարք հետեւանքներ, այնպես որ, նա չի գնա այդ քայլին: Ես խնդիրն այստեղ ընդդիմության մեջ եմ տեսնում:

Բազմաթիվ առիթներ են եղել՝ ինչ-որ բան փոխելու, սակայն շարունակ ձգձգվում են պրոցեսներն ինչ-որ պատճառաբանություններով: Ժողովրդի ցասումն այդկերպ մարում է: Բարկանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է ընդդիմության մի օղակը հայհոյում մյուս օղակին: Սկսում են մեղավորներ փնտրել իրենց իսկ ներսում, սակայն գլխավոր մեղավորը կա, պետք չէ այլ մեղավոր փնտրել, պետք է պարզապես միասնական պայքարել:

– Այսինքն` Դուք ե՞ւս հիասթափվել եք ընդդիմությունից:

– Չեմ հիասթափվել, սակայն չեմ էլ հասկանում այդ ամենի իմաստը: Ինչո՞ւ է ընդդիմությունը պառակտված, այս հարցի պատասխանը չեմ կարողանում ստանալ: Հասկացանք` բոլորն էլ սխալական են, ունեցել են ու ունեն սխալներ, սակայն օրհասական պահ է, հիմա պայքարել է պետք: Նրանք, ովքեր ինչ-որ բան ունեն արած ազգի համար, պետք է պայքարեն, ոչ թե այլ մեղավորներ փնտրեն:

– «Իշխանություն» եւ «Իշխանություն – 2» ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան: Չկա՞ ցանկություն՝ «Իշխանություն – 3»-ը նկարահանելու:

– Լսելով Մհեր Մկրտչյանի կարծիքը՝ կարող եմ ասել, որ չի կարող լինել շարունակություն, որովհետեւ վատ կլինի, որ ֆիլմի երրորդ մասը նկարահանվի: Կստացվի, որ այս ամենը չի ավարտվում: Մենք շատ ճիշտ ճանապարհը ցույց ենք տվել՝ փոփոխություն անելու, խնդրեմ, թող գտնվի մեկ Ալիսա, ով կկարողանա բոլոր հարցերը լուծել:

– Հետաքրքիր է` Ձեր կերպարը շա՞տ է նույնացվում Նիկոլ Փաշինյանի կերպարի հետ:

– Իհարկե, վատ մեկնաբանություններ լինում են: Իմ կարծիքով` դերը որոշ առումով ստացվել է, որովհետեւ կան ինձ ծանոթ մարդիկ, ովքեր երկակի ստանդարտներով են ինձ սկսել նայել, ասում են՝ Նիկոլ խաղալուց հետո քեզ չենք կարողանում նայել, որովհետեւ անընդհատ իրեն ես հիշեցնում: Շատերն ասում են՝ լավ եմ խաղացել, մի փոքր հատված ասում է, որ վատ եմ խաղացել: Կան տարբեր կարծիքներ:

– Իսկ Ձեր կյանքում, կոմֆորտի առումով, ինչ-որ բան փոխվե՞լ է՝ այդ դերը խաղալուց հետո:

– Շատ պատասխանատու էր այդ դերը խաղալը: Երկար եմ մտածել: Ռիսկային էր այդ կերպարը խաղալը, բայց դե՝ մենք էլ մեր ասպարեզում ենք ռիսկերի դիմում: Հաճախ ասում են, որ ֆիլմը թույլ է, որ պետք է էսպես անել, էնպես անել, սակայն կարծում եմ, որ սա էլ մեր պայքարն է, մենք այսպես ենք պայքարում, պրոպագանդում ենք ինչ-որ բան, իսկ ի՞նչ են անում այդ, այսպես կոչված, քննադատները: Դուք էլ ձեր բնագավառում պայքարեք: Ես, իմանալով, որ շատ թիվիներում, շատ պրոյեկտներում իմ առաջ դռներ են փակվելու, գնացի այդ քայլին:

– Ի՞նչ դռներ փակվեցին Ձեր առաջ:

Արդեն քանի տարի է՝ ոչ մի պրոյեկտից առաջարկ չկա: Լինում են դեպքեր, երբ առաջարկներ եմ ստանում, սակայն մի քանի օր անց զանգահարում ու ասում են ու հրաժարվում՝ մտածելով, որ ինձ հետ աշխատելը ռիսկային է:

– Անուններ կտա՞ք:

Չեմ ցանկանում անուններ տալ: Ժամանակը կգա, ովքեր իրենց ընդդիմադիր պրոդյուսերներ են հռչակել, կխոսեմ իրենց մասին, հիմա չեմ խոսի, որովհետեւ կստացվի՝ նեղացած եմ, բնավ, ոչ մեկից նեղացած չեմ, ես իմ աշխատանքն ունեմ թատրոնում եւ բիզնես ունեմ:

Կիսվել