Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա ի՞նչ է փորձում անել՝ ՀՀ-ի ապագայի գնով ապացուցել, որ անցյալում ինքը ճի՞շտ էր․ Մարիա Կարապետյան
ՔՊ-ական Մարիա Կարապետյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին։
«Լևոն Տեր-Պետրոսյանը «Լավատեսական ահազանգ» խորագրի ներքո, այս անգամ բարեբախտաբար առանց քաղաքացիական պատերազմ գուժելու, առաջարկում է երկրի ներսում «ցավոտ լուծումների» գնալ՝ «արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցելու» նպատակով։ Անշուշտ իր սեփական՝ հաջողած փորձի հիման վրա։
Ամբողջ 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի ներսում «ցավոտ լուծումների» գնաց։ Նա Դաշնակցությանը մեղադրում էր ԽՍՀՄ ՊԱԿ-ի, իսկ այնուհետև Ռուսաստանի «սևհարյուրյակային տարրերի» հետ համագործակցության եւ ահաբեկչության մեջ, հետո գնում «ցավոտ լուծումների» այդ նույն Դաշնակցության և նրա մասնաճյուղերի՝ Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Մի խոսքով՝ անում ամեն ինչ, որ «արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցեն»։ Եւ բոլորով «ավելի վստահ դիրքերից» խափանեցին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունը։
Այսպես համատեղ ուժերով նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության «բանալին» տարան Ռուսաստան։ 2022 թվականի սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ռուսաստանը բանալին, ամենայն հավանականութամբ, կորցրել է։
Հիմա ի՞նչ է փորձում անել։ Բանալին գտնել, վերադարձնե՞լ Մոսկվա։ Հայաստանի ապագայի գնով ապացուցել, որ անցյալում ինքը ճի՞շտ էր»,- նշել է ՔՊ-ականը։