«Լևոն Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչը հիմա բացահայտվում է». «Փաստ»
Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր–Պետրոսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը միայն արցախյան հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Ավելին, խոսվեց, որ քննարկվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ–ՔՊ միասնական ցուցակով մասնակցելու հարցը, որի վերաբերյալ ՀԱԿ կուսակցության կողմից տարածած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա:
Հարցին, թե իրականում նման քննարկում եղե՞լ է,ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ այս ընթացքում ինքն անձամբ չի հանդիպել Լ. Տեր–Պետրոսյանի հետ: Միևնույն ժամանակ խորհուրդ տվեց իրենց կուսակցության կողմից տարածած հաղորդագրությանը հավատալ, քանի որ իրենց կուսակցությունում ավանդույթ կա, որ ինչի մասին խոսում են, դրա մասին էլ հայտարարություն են տարածում:
«Պետք չէ ինչ–որ բաներ հորինել, որոնց մասին մամլո հաղորդագրության մեջ արծարծված չէ: Եվ նրանք, ովքեր նման ձևով են մոտենում հայտարարություններին, մինչև հիմա չեն հասկացել, որ Կոնգրեսն ունի սկզբունքներ, 88–ից մինչ օրս անցած ճանապարհ, և եթե հասարակությունը ինչ–որ պատճառով չի հավատում դրան, ապա այդ ամենն իրենց խղճի և մակարդակի հարցն է:
Մենք միշտ ճշմարտախոս ենք եղել, և առաջարկում եմ որևէ բան չմոգոնել և հավատալ այն ամենին, ինչի մասին որ մենք ասում ենք, քանի որ մենք երբեք ժողովրդից թաքցնելու բան չենք ունեցել»,– ասաց Լ. Զուրաբյանը:
Խոսելով հասարակության շրջանում ծավալվող այն քննադատությունների մասին, թե վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումների պատճառն անկախության տարիներից սխալ դրված հիմնաքարերի պատճառով է եղել, Լ. Զուրաբյանն ասաց, որ ինքը նման քննադատության չի հանդիպել: Ներկա իրավիճակի համար անուղղակի կերպով մեղադրանքի սլաքները դեպի տերպետրոսյանական տարիներն ուղղելը, որի պատճառը նաև ձևավորված անառողջ հարաբերությունների և մթնոլորտն ու շատ հարցերի վրա աչք փակելն է եղել, չի համապատասխանում իրականությանը, համոզված է կուսակցության փոխնախագահը:
Ավելին, իրենք վստահ են, որ ներկա «ավազակապետական համակարգը» ձևավորվել է 98–ից ի վեր, որը հետագայում տիրապետող է դարձել մեր հասարակության մեջ: Ըստ Զուրաբյանի, Հայաստանում համակարգային կոռուպցիոն բուրգային համակարգ ձևավորվել է այդ ժամանակվանից և հիմա այն բացահայտվում է: Ու քանի որ Հայաստանում ոչինչ թաքցնել հնարավոր չէ, ուստի եթե մինչև 98–ը որևէ նման բան եղած լիներ, հասարակությունը դրա մասին վաղուց կիմանար, քանի որ վաղուց բացահայտված կլիներ:
«Հատկապես այն պատճառով, որ Տեր– Պետրոսյանին փոխարինած իշխանություններն ամեն ջանք գործադրեցին, որպեսզի արատավորեն առաջին նախագահին, սակայն չկարողացան ոչինչ բացահայտել, քանի որ որևէ փաստ չունեին: Եվ երբ Լ. Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, հիմա է պարզվում, երբ բազմաթիվ փաստեր են բացահայտվում: Եվ դա ընդամենը երկու ամսում: Ու դեռ ինչեր կբացահայտվեն»,– ասաց Լ. Զուրաբյանը:
Նա խորհուրդ տվեց հասարակությանը բանավեճի առարկա դարձնել ոչ թե այս կամ այն ֆեյքի հայտարարությունը, այլ լուրջ քաղաքական ուժի կամ հասարակական կառույցի կողմից կատարվող քննադատությանը, այն էլ այն դեպքում, երբ լուրջ կառույցների կողմից կոնկրետ փաստեր են ներկայացնում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։