Լևոն Արոնյանը հռչակվեց Grand Chess Tour մրցաշարի հաղթող՝ արժանանալով 31250 դոլար մրցանակին
Բուխարեստում ավարտվեց շախմատի Grand Chess Tour-ի 6-րդ փուլը: Լևոն Արոնյանը բավական հաջող հանդես եկավ նաև 2-րդ շրջանի հանդիպումներում և արագ ու կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած միավորների ընդհանուր քանակով Սերգեյ Կարյակինի հետ լավագույն արդյունքը ցույց տվեց:
Նրանց հաշվին գրանցվեց 20-ական միավոր: Մրցակարգի համաձայն, հաղթողին որոշելու համար Արոնյանն ու Կարյակինը լրացուցիչ մրցախաղ անցկացրին՝ թայ-բրեյք:
Արդեն արագ շախմատում Լևոն Արոնյանը առավելության հասավ իր մրցակցի նկատմամբ՝ 1,5:0,5, և հռչակվեց մրցաշարի հաղթող։ Նա և Կարյակինը 31250 դոլար պարգևավճար կստանան։
Grand Chess Tour-ի մրցաշարերում սա Լևոն Արոնյանի 2-րդ հաղթանակն է: Մինչ այս նա հաղթող էր ճանաչվել Սենթ Լուիսում կայացած արագ և կայծակնային շախմատի մրցաշարում՝ պարգևատրվելով 37500 դոլարով: