Լուսինե Բադալյանի որդին սկսել է նկարահանվել հեռուստասերիալում (Լուսանկարներ)
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի և պրոդյուսեր Վահագն Գևորգյանի կրտսեր որդին` Միքայելը, առաջին քայլերն է արել դերասանական ոլորտում։ 11–ամյա տղան նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության նոր «Հանդիպման վայր» հեռուստանովելում, որի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է։
Լուսինեն Tert.am Life-ին պատմեց, թե ինչպես է որդին ընտրվել այս կերպարի համար։ Հաղորդավարուհուն ոգևորել է այն փաստը, որ Միքայելին ընտրել են առանց իմանալու, որ նա իրենց գործընկերների որդին է։ Պարզվում է` Միքայելը վաղուց է երազում դերասան դառնալու մասին։ Մինչև այս մասնակցել է տարբեր քասթինգների, թեև ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է հայտնվել էկրանի հակառակ կողմում։
«1-2 տարի առաջ ֆիլմի համար երեխայի էին փնտրում, Միքայելի տեսքը համապատասխանում էր արտաքին նկարագրությանը, ուղարկեցի իր լուսանկարները։ Այդ դերի համար չընտրվեց, բայց առաջարկեցին գրանցել քասթինգ ստուդիայում։ Դրանից հետո հրավիրում էին տարբեր քասթինգների։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բան չէր համապատասխանում և իրեն չէին ընտրում, շատ ծանր էր տանում։ Վերջին անգամ շատ երկար զրույց ունեցանք։ Իրեն բացատրում էի, որ մարդիկ երկար տարիներ գնում են քասթինգների, պայքարում, մեծ տարիքում նոր ինչ-որ բան է ստացվում, պետք չէ վհատվել։ Իր դեպքում մի անգամ հասակը չէր բավականացնում, մյուս անգամ` քաշը, այսինքն` խաղը չէր խնդիրը, դրա համար փորձում էի բացատրել, որ չհիասթափվի, բոլորս էլ անցել ենք մերժումների ճանապարհով»,– պատմեց Լուսինեն ու հավելեց, որ գարնանը որդուն ընտրել էին հեռուստահաղորդման մասնակցելու համար։
Նա շատ էր ոգևորվել, սակայն այս անգամ էլ երկրում հեղափոխություն էր սկսվել և ամեն ինչ կանգ էր առել։ «Հանդիպման վայրում» նկարահանվելու առաջարկը, Լուսինեի խոսքով, առանց իրենց նախաձեռնության է եղել։ Մայրիկն արդեն զգուշանում էր երեխայի քասթինգի տանել, որպեսզի նա նորից հիասթափություն չապրի, երբ ստացել են սպասված զանգը։
«Հանրայինի հեռուստասերիալի համար մեզ ոչինչ չէին զգուշացրել, նկարներով ընտրել էին իրեն, նկարները ցույց էին տվել պրոդյուսերին և ասել, որ սա այն երեխան է, որին պատկերացրել են սցենարը գրելիս։ Պրոդյուսերը մեր ընկերը` Արման Միտոյանն է, որը շատ էր զարմացել, երբ տեսել էր Միկայի լուսանկարը։ Զանգահարեց ինձ ճշտելու` իսկապե՞ս Միկային գրանցել ենք քասթինգի որևէ ստուդիայում։ Ասաց, որ ստեղծագործական թիմը նրան է ընտրել, պետք է գնանք քասթինգի, որպեսզի ռեժիսորը տեսնի իր խաղը։
Երբ գնացինք, Արշալույսը երկու բառ խոսեց Միկայի հետ ու հասկացավ, որ նա համապատասխանում է կերպարին։ Այդ ժամանակվանից սկսվեցին Միկայի ծանր օրերը։ Գիշեր-ցերեկ աշխատում էր։ Մի պահ ինձ թվում էր, որ չի դիմանալու կամ այդ ծանրաբեռնվածությունից է հիասթափվելու, որովհետև մի բան է, երբ հեռուստացույցով ես նայում ու երազում այդ մասին, այլ բան է, երբ դրա մեջ ես, ու տեսնում ես բարդ պրոցեսը, բայց Միկան շատ դիմացկուն դուրս եկավ։ Օրեր շարունակ իրար հետևից չքնելով, քաղաքից դուրս գնալով` արժանապատվորեն հաղթահարեց այդ ամենը»,– ոգևորությամբ պատմեց Լուսինեն։
Ծնողները կարծել են, որ նկարահանումների ավարտին Միքայելը կուրախանա, քանի որ, վերջապես, կհանգստանա, բայց վերջինս տխրել էր։ Հաղորդավարուհին հայտնեց, որ որդին հայրիկի հետ լուրջ զրույց է ունեցել ու ասել, որ իր ապագան տեսնում է այս ասպարեզում։ Մի քանի օր առաջ էլ նա ստացել է իր հաջորդ առաջարկը` նկարահանվելու Ներսես Շնորհալու մասին վավերագրական ֆիլմում։ Այդ փաստից էլ շատ է ոգևորվել, այսօր արդեն Սևանում է` նկարահանումների։
Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։