Մամուլ

Լունապարկից 32-ամյա քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց․ վիրավորի առողջական վիճակը գնահատվում է ծանր

Սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում հայտնի «Լունապարկ»-ում։ Այդ օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա վիրահատարանում է և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանում առանց հաշվառման ապրող 32-ամյա Վարդգես Թ.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։