ԺամանցՇոու-բիզնես

Լիլի Սարգսյանի կարծիքը՝ այս տարվա «Միսս հայուհի» մրցույթում հաղթող ճանաչված Արենա Զեյնալյանի մասին

ինչպես արդեն գիտեք, օրեր առաջ տեղի ունեցավ «Միսս հայուհի 2018» գեղեցկության մրցույթը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց Թեհրանից ժամանած Արենա Զեյնալյանը: 24-ամյա գեղեցկուհին Հայաստանը ներկայացնելու է «Միսս աշխարհ» համաշխարհային մրցույթում: Գեղեցկուհուն թագադրեց անցած տարվա մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը, ով BlogNews.am-ի հետ զրույցում կիսվել է իր էմոցիաներով և Արենայի մասին կարծիքով:

«Կային աղջիկներ, որոնց հետ ավելի վաղուց էի ծանոթ, մտերիմ, իսկ մնացածին մրցույթային օրերին եմ ճանաչել: Ես պարզապես հիացած եմ բոլորի մարդկային արժեքներով»,- նշում է Լիլին:

Խոսելով իր ֆավորիտների մասին՝ ասում է, որ այդ ցուցակում կար նաև Արենան. «Բոլոր աղջիկները յուրովի գեղեցիկ էին, և շատ դժվար էր առանձնացնել մեկին: Բայց ինձ համար կային երեք-չորս հայուհիներ, որոնց դժարությամբ առանձնացրի: Բոլորն էլ հիասքանչ էին: Իմ ֆավորիտների ցուցակում Արենան կար․ ինչպե՞ս կարելի է չնկատել նման գեղեցկությունը և բարությունը»:

Լիլիի համար գեղեցկության մրցույթներում կարևոր են աղջիկների հետևյալ հատկությունները՝ համերաշխությունը, բարությունը, ժպտերես և մարդամոտ լինելը:

«Միսս հայուհուն» թագադրել է Լիլին, ով անցած տարի նույն կարգավիճակում էր. «Նա նույնպես հուզված և շփոթված էր, երջանիկ, ինչպես ես անցած տարի և ինչպես այս տարի: Պատիվ ունեի թագադրելու գեղեցկուհուն, որը նույնպես մեծ երջանկություն էր ինձ համար: Դա մի ակնթարթ է, որը պետք է զգալ և ապրել»:

Խորհուրդներով չեն փոխանակվել գեղեցկուհիները, քանի որ զրուցելու ժամանակ չի եղել. «Ես հասցրել եմ արդեն կիսել նրա ուրախությունը և մաղթել ամենալավը նոր կյանքի այս փուլում, միայն հաջողություններ և կարևորը՝ անսպառ ժպիտ»:

Այն հարցին՝ արդյոք Երևանում մոդելային բնագավառն առաջընթաց է ապրում, Լիլին նշում է. «Շատ դանդաղ, բայց առաջընթաց ապրում է: Մենք բոլորս պետք է այն զարգացնենք համատեղ ուժերով»:

Աղբյուր՝ blognews.am

Կիսվել