Լեզվակռիվ Ազգային ժողովում. Սասուն Միքայելյանը հակադարձեց Արմեն Աշոտյանին
Գործող իշխանությունը ստիպված է կրկնում նախորդ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունները, շարունակում օրինագծերը, թեեւ նախկինում մոլի քննադատում էր դրանք: Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Քաղաքական տեսակետից պարզ է մի իրողություն՝ այն մոտեցումը, որ փորձում են որդեգրել այսօրվա իշխանավորները, որ նախորդները վատն են, իսկ մենք՝ լավն ենք լինելու, չի դիմանում 100 օրվա քննադատությանը: Բնականաբար, նախորդ իշխանություններն ունեցել են բացթողումներ, սխալներ, բայց դրա կողքին չեն ստվերվել հաջողությունները: Բնականաբար, նոր կառավարությունը եւս կունենա հաջողություններ, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք մեզանից լավ կաշխատի: Սեւանից ջուր բաց թողնելու օրինագիծը, որ բերվել է այստեղ, դրա վառ ապացույցն է: Գայթակղությունը մեծ է այսօրինակ նախագծի վերաբերյալ՝ կարդալ նախկինում արված Նիկոլ Փաշինյանի, Լենա Նազարյանի, Արտակ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի մեջբերումները, բայց չեմ անի»,- ասաց նա:
Աշոտյանի այս ելույթին տեղից պատասխանեց ԵԼՔ-ի պատգամավորներից Սասուն Միքայելյանը: «Մենք ձեզանից հետո եկել ու տեսել ենք, թե ինչեր եք արել, մենք ձեզ շարունակու՞մ ենք»,- ասաց Միքայելյանը՝ արձագանքելով Աշոտյանի այն խոսքերին, թե նոր իշխանությունները շարունակում են նախկինների ծրագրերը:
Աղբյուր՝ armtimes.com