Լեգիոնելոզի բռնկումներ` 3 տարբեր քաղաքներում․ այն կապված է հարուցչի ջրային փոխանցման հետ․ Արմեն Մուրադյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․
«Միաժամանակ 3 տարբեր տեղակայմամբ լեգիոնելոզի բռնկումներ` Միլանում (Իտալիա), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), Մելբուռնում (Ավստրալիա):
Միլանում արձանագրված բռնկումը մեծ հավանականությամբ կապված է հարուցչի ջրային փոխանցման հետ: Բռնկումը սկսվել է 2024 թվականի ապրիլի 11-ին, երբ ախտորոշվել է 1-ին դեպքը: Հետագայում Իտալիայի Լոմբարդիա շրջանում ախտորոշվել է հիվանդության առնվազն 49 դեպք, հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Եվրոպական կենտրոնը (ECDC):
Կազմակերպությունը նշում է, որ թվերը ամփոփվել են 2024 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ: Հաստատված 49 դեպքից 12-ը բուժում են ստանում հիվանդանոցներում, իսկ 3-ը մահացել են:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), լեգիոնելլաներն առավելապես փոխանցվում են բաղարկված ջրի շիթերի ներշնչման միջոցով: Մարդիկ կարող են վարակվել նաև աղտոտված լողավազաններից և նույնիսկ օդից` օդորակման համակարգերի միջոցով: Լեգիոնելլա բակտերիաները կարող են երկար պահպանվել ծորակների և ցնցուղների մեջ:
Համաձայն ԱՀԿ-ի տվյալների լեգիոնելոզ հիվանդությունից մահացությունը կախված է հիվանդության ծանրությունից, հակաբիոտիկների օգտագործումից, փոխանցման գործոնից և պացիենտի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայությունից, ներառյալ` իմունային համակարգի անբավարարությունը:
Մահացության մակարդակը կարող է հասնել 40-80%-ի իմունային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ, ովքեր բուժում չեն ստանում, և, ընդհակառակը, պատշաճ վարմամբ ցուցանիշը կարող է կրճատվել մինչև 5-30%՝ կախված կլինիկական նշանների և ախտանիշների ծանրությունից: Ընդհանուր առմամբ, մահացության մակարդակը սովորաբար կազմում է 5-10%:
Տարբերում են լեգիոնելոզ հիվանդության 5 հիմնական ախտանիշներ, որոնց պետք է ուշադիր լինել`
• Հազ
• Շնչարգելություն
• Կրծքավանդակի ցավ, մկանացավ կամ անհանգստություն, հատկապես շնչառության կամ հազի ժամանակ
• Բարձր ջերմության առկայություն
• Գրիպանման ախտանիշներ
Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար ախտահանել տնային օդի լավորակման սարքերի զտիչները (ցանկալի է քլոր պարունակող ախտահանիչներով), ցնցուղների և ծորակների դեպքում ջուրը բաց թողնել առնվազն 2-3 րոպեի ընթացքում, այնուհետև օգտագործել` անգամ կենցաղային նպատակներով»: