Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում․ տղամարդը սպառնում է պայթեցնել
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Պտղնի գյուղի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա նռնակը չպայթեցնի։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հովհաննես Թաթոյանի և Էդիկ Զազյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տղամարդու ինքնությունը։ Թե ի՞նչն է եղել պատճառը, որ նա փորձում է նման քայլի դիմել, պարզվում է։
Բանակցություններն արդյունք չեն տվել, սակայն ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Վ․ Վարդանյանին, Կ․ Հակոբյանին ու Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Ա․ Զաքարյանին հաջողվում է պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել տղամարդուն և ոստիկանների գործողությունների շնորհիվ նա չկարողացավ գործի դնել նռնակը։
Արդեն տեղում քննիչները հայտնաբերել են մարտական 2 նռնակ և թմրանյութի նմանվող զանգված։
Այս պահին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, փորձում են նռնակները վնասազերծել և տեղափոխել անվտանգ վայր։
Տղամարդուն քրեական ոստիկանները Աբովյանի բաժին են տեղափոխել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լ․ Բադալյանի և հրամանատարի տեղակալ Վ․ Կարապետյանի ուղեկցությամբ։