Մամուլ

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. նոյակերտցիները տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունեն

Այսօր՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ, և ոչ թե բռնություն, այլ բողոքի ակցիաներ են իրականացնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն փորձում «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի վերջապես լուծվի գյուղի բնակչության 80 տոկոսի խմելու ջրի խնդիրը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. 

«10-15 օր է՝ գյուղի 80 տոկոսը ունի խմելու ջրի խնդիր: Էնպիսի տուն չկա, որը պրոբլեմի առաջ հայտնված չլինի ու մեղավորը առաջին հերթին «Վեոլիա ջուր»-ն է, ով արհամարհած ունի մեր բազմաթիվ հեռախոսազանգերը և տևական ժամանակ է՝ չստացված ջրի դիմաց մեզնից գումար է գանձում, կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց ոչ մի դրական տեղաշարժ, էս գյուղում մենակ վարչական շրջանի ղեկավարը ջուր ունի, դրա համար էլ նրան չի հետաքրքրում խեղճ գյուղացու վիճակը:  

Արարատ խոշորացված համայնքի ղեկավարն էլ մեր գյուղի համար եղած-չեղած՝ նույն հաշիվն ա, միթե դուք այդքան անզոր եք, որ չեք կարողանում «Վեոլիա ջրի» վրա ազդել, կամ էլ ձեզ միայն հետաքրքրում է ձեր տան ծորակներից առանց ընդմիջման հոսող ջուրը, հերն էլ անիծած, թե գյուղացին ամառվա էս տապին խմելու ջրի լուրջ խնդիր ունի:  

Հիմա չենք դիմում կտրուկ միջոցների, բայց եթե 2 օրվա ընթացքում մեր խնդրին սպառիչ պատասխան չտվեցիք, հավատացեք, հետո զգալու եք հայտնի խոսքը, թե՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»:  

Ամառվա էս շոգին դաշտերից գալիս ենք տուն, ծորակները բացում ենք, օդ է փչում ու մենք վճարումները կատարում ենք էդ օդի համար:  

Ընտրություններից առաջ գալիս, սարեր են խոստանում, բա էս ինչքան ժամանակ է գյուղի 80 տոկոսը ունի ջրի խնդիր, բա մեր պատգամավորը, չենք էլ իմանում՝ ով ա, մի օր չհետաքրքրվի՞, թե լա՛վ, էս գյուղացիք առանց ջրի ո՞նց են գոյատևում:  Այնպես որ կա՛մ 2 օրվա ընթացքում խնդիրը կարգավորում եք, կա՛մ ողջ գյուղով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել անցնելու ենք կտրուկ գործողությունների, հետո չասեք, թե էս մարդիկ հելան մեր դեմ պայքարի»: