Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է
Այս տարում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պարենային բազայում տեղի ունեցած եւ կատարվելիք փոփոխությունների շնորհիվ զինծառայողները նոր սննդակարգ կունենան: Նրանց առօրյա ճաշացանկում կավելանան լավաշ, սխտոր, յոթ տեսակի արագ պատրաստման ապուրներ, սպաս, իսկ հաջորդ տարում՝ նաեւ մեղր:
Այս մասին ԶՈՒ կենտրոնական պարենային բազայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը:
Նա տեղեկացրեց՝ կենտրոնական պարենային բազայում, որտեղից մթերքն առաքվում է զորամասերին, բարելավվել են նաեւ սննդամթերքի պահպանման պայմանները. սառնարանային տնտեսությունը թարմացվել է:
Բացի այդ, այսուհետեւ «զինվորի բաժին՝ վաճառքի ենթակա չէ» գրությունը կլինի ոչ միայն զինվորի համար նախատեսված պահածոների, այլեւ՝ դրանց արկղերի վրա: «Ձմռանը մեկ զինվորի համար կհատկացվի առողջարար, բնական մեղր, նաեւ՝ ճարպ»,-նշեց Արամ Մարգարյանը:
Աղբյուր՝ aravot.am