Մամուլ

Լաչինը հակառակորդին հանձնելուն հաշված ժամեր են մնացել

Լաչինը հակառակորդին հանձնելուն հաշված ժամեր են մնացել

News.am-ը գրում է․ Նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ  հաստատված ժամանակացույցով Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին հանձնելու վերջնաժամկետից հաշված ժամեր առաջ դեռևս հստակ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ ճակատագիր է սպասվում Բերձոր քաղաքին։

«Այս երկու օրն ամեն ինչ կհստակեցվի, մանր տեխնիկական հարցեր կան, որ հստակ պատասխան չի կարող լինել քաղաքացիական բնակչության մասով»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։

Նշենք, որ մի քանի օր է՝ ինչ բերձորցիները շտապում են հավաքում են իրենց իրերն ու հեռանում քաղաքից, որովհետեւ չգիտեն՝ ում վերահսկողության տակ է լինելու քաղաքը դեկտեմբերի 1-ից։

բերձոր

Բնակիչների շրջանում խոսակցություն կա, որ Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին։ Պաշտոնական որեւէ հայտարարություն Բերձոր քաղաքի ճակատագրի վերաբերյալ դեռևս չի եղել։

Անցած շաբաթ բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասել էին, որ իրենց հրահանգել են դուրս գալ մինչեւ նոյեմբերի 30-ը, ժամը 18։00–ն։

Այնուամենայնիվ Մուշեղ Ալավերդյանը հստակ պատասխան չտվեց այդ լուրի առնչությամբ։

«Երբ իրավիճակը կայունաա, տեսնենք… մեկը ես՝ ապրում եմ, որոշումները կարծում եմ՝ կփոխվի, այս պահին կա նաեւ հակառակ իրավիճակ, երբ զանգում են, ասում են՝ մենք էլ գանք, ո՞նց անենք։ Կանխատեսումներ անել, հստակ ինֆորմացիա պահանջել մեկից, որն իր պոստը չի լքում, չի փախչում… տեսնենք՝ ինչպես կլինի»,- նշեց նա։

Կիսվել