«Լադա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բեռնատար «Mercedes»-ին․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնցից մեկը զինծառայող է
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մարշալ Բաղրամյան փողոցում՝ Վանաձոր քաղաքի սկզբնամասում, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին կայանված վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարի անիվներին և երկաթե հատվածին։
Shamshyan.com-ի փոխանցամմբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները ու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի,վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։
Վիրավորներից 2-ին, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն 2-ը հիվանդանոցում հետազոտվելուց հետո հայտնել են, որ իրենք չեն տուժել, իսկ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժամունքում։ Վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են Վանաձորի բնակիչ 21-ամյա Սեյրան Նավասարդյանը, Վանաձորի բնակիչ 24-ամյա Արա Բարինյանը, Լոռու մարզի Գուգարք բնակավայրի բնակիչ 18-ամյա Սերժ Էվոյանը, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Դոխոլյանը և Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ 21-ամյա Արթուր Մարիկյանը։