Ի սկզբան էլ պարզ էր, որ «Սանիտեկը» չի կարողանալու պատշաճ ձևով իրականացնել աղբահանությունը
Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները, քանի որ «Սանիտեկը» չի կարող պատշաճ ձևով իրականացնել աղբահանությունը ։
Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը՝ աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս:
Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է.
«Այստեղ հերթական անգամ բախվում ենք գնման ընթացակարգերի հետ կապված պրոբլեմներին, որովհետև ի սկզբան էլ պարզ էր, որ «Սանիտեկ» ընկերությունը պրոբլեմներ ունի և չի կարողանալու պատշաճ ձևով իրականացնել աղբահանությունը:
Բնականաբար, քաղաքապետարանը և նորընտիր քաղաքապետն առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, քաղաքի համար տեխնիկայի ձեռքբերումն էր, որն այս իրավիճակում այլընտրանք չունի, որովհետև եթե նույնիսկ ասենք «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրն այսօր չեղյալ արվի, դա նշանակում է, որ աղբն ընդհանրապես որևէ ձև չի հավաքվելու, այսինքն՝ հիմա ինչ-որ ձևով հավաքվում է:
Եվ հաջորդ խնդիրը, որ պետք է տեխնիկա ձեռք բերել: Տեխնիկա ձեռք բերելու պրոցեսն արդեն ձգձգվում է, որովհետև դատական գործընթաց է բացվել, և դրա պատճառով պրոցեսը կանգնել է: Հիմա այսպիսի արտակարգ լուծում պետք է տանք խնդրին»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ օպերատոր ասվածը պայմանական է:
Երևանի քաղաքապետը հանգամանալից ներկայացրել է աղբահանության ոլորտում ներկայումս առկա խնդիրները և նշել. «Խնդիրներն այսօր շատ լուրջ են և մենք պետք է ուղղակի այս խնդիրներին լուծում տանք»:
«Համոզված եմ, որ բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեք, որպեսզի խնդիրը չսրվի: Փորձ անենք առնվազն միջանկյալ լուծումներ տալ, այդ թվում նաև այլ ընկերություններ, եթե հիմա հետևում են քննարկումներին, կարող են այս իրավիճակում աջակցել քաղաքապետարանին: Կարծում եմ՝ վատ չի լինի, որ նաև այդ աջակցության առաջակությունը լինի: Իսկ գլոբալ առումով, այո, մենք պետք է տանք արմատական լուծումներ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: