Իր ծննդյան օրը մահացած հայտնաբերված 39-ամյա տղամարդու հեռախոսը գտնվել է․ ինչ են հայտնաբերել իրավապահները
Երևանի Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում կատարված սպանությունը բացահայտվել է՝ հայտնաբերվել են կասկածյալները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ․-ն իր ընկեր, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Քյարամ Ս․-ի հետ գտնվել է Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի նշված տանը, որտեղ սնվել են, օգտագործելով ոգելիչ խմիչք ևս, ինչի ժամանակ Յուրիկ Շ․-ի և Արտաշես Մ․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Յուրիկ Շ․-ն ձեռքերով և ոտքերով, այնուհետև տանը եղած տարբեր առարկաներով, այդ թվում՝ աթոռով, բազմաթիվ հարվածներ է հասցրել Արտաշես Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է Արտաշես Մ․-ի մահվան պատճառ։ Այդ ամենից հետո Յուրիկ Շ․-ն և Քյարամ Ս․-ն հափշտակել են ծեծվածի բջջային հեռախոսը, դուրս եկել տանից և տաքսիով հեռացել։
Այնուհետև հասնելով «Սասունցի Դավիթ» կայարան, գետնանցումում գողացված հեռախոսը վաճառել են Հարություն Կ․-ին, ով գետնանցումի տակ զբաղվում է բջջային հեռախոսների առք ու վաճառքով և վերանորոգմամբ։
Ոստիկանները անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում հայտնաբերում են Քյարամ Ս․-ին, ով կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը, իսկ Յուրիկ Շ․-ին ոստիկանները հայտնաբերում են Գյումրի քաղաքում՝ իր 40-ամյա ընկերոջ բնակարանում։ Թե Յուրիկ Շ․-ն, թե՛ նրա ընկեր 40-ամյա Արտյոմ Մ․-ն սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Նշված անձինք այնուհետև ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի ձերբակալվածների պահման վայր։