Իր առանձնատանը հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի դին
Իր առանձնատանը հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի դին
Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել «Մարտունի» բժշկական կենտրոնից, որ «Մարտունի» շտապօգնության բրիգադան կանչով մեկնել է Լիճք գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիճք բնակավայրի վարչական ղեկավար 66-ամյա Հայկ Հոխիկյանն է, ով նույն օրը ժամը 02:45-ի սահմաններում իր առանձնատանը հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։