Մամուլ

Իրավապահները փնտրում են քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկին»

Ուշագրավ իրավիճակ՝ քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» շուրջ։ Armlur.am-ի տեղեկություններով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և իրավապահները մտել են նրան պատկանող բոլոր տարածքներ խուզարկության։

Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջիններիցս մեկը ձերբակալվել է։

Մյուսներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրված։ ArmLur.am-ին այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նորատուսցի Ալիկին

Նա տեղեկացրեց, որ վարույթի շրջանակներում, ակտիվ ապացուցողական և վարութային գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ, առանձին հասցեներում և օբյեկտներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են հատակին ու խուզարկություն սկսել:

Ըստ ահազանգի՝ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ ու չի բացառվում, որ խուզարկության նպատակը կապված է օրեր առաջ Սեւանում տեղի ունեցած սպանության հետ։

Կիսվել