Աշխարհ

Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանի բանակի ռազմածովային ուժերն Աստարայի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հակաօդային պաշտպանության զորավարժություն են անցկացրել, մշակվել են հրթիռահրետանային հարվածներ պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ, խոցվել են պայմանական թիրախներ, հայտնում է IRNA-ն։

Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայներից:

Al-Arabiya-ն հիշեցրել է, որ սա Իրանում անցկացվող երկրորդ զորավարժությունն է վերջին երեք օրվա ընթացքում։ Անցած կիրակի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վարժանքներ էր սկսել Իրաքի հետ սահմանին մոտ գտնվող Քերմանշահ նահանգում։

Զորավարժանքները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության ֆոնին՝ հուլիսի 30-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Բեյրութում շիա Հեզբոլլահ շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանություններից հետո։

Սպանությունների համար Իրանը մեղադրել է Իսրայելին և հայտարարել, որ պատասխան քայլեր կձեռնարկի:

Կիսվել