Իրանը պատասխանել է «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը
Իրանը պատասխանել է «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից Անկարա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը և ափսոսանք է հայտնել Իսլամական Հանրապետության նման դիրքորոշման համար։
Իրանի արձագանքը չի ուշացել: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսնակ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամիլին շտապել է հերքել Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը։
Նրա խոսքով, Իրանը, ըստ էության, դեմ չէ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ տրանսպորտային կապի ստեղծմանը։ Նա հավելել է, որ Թուրքիան չպետք է անհանգստանա այս կապակցությամբ։
«Իրանը խնդիրներ չունի Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ հաստատելու հետ կապված։
Շուրջ 20 տարի Իրանը Ադրբեջանին հնարավորություն է տվել օգտագործել իր տարածքը Նախիջևանի հետ հաղորդակցության համար։ Պատերազմի և օկուպացիայի ժամանակ նա փոխադրումներ է իրականացրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Բիլասուվարով և Ջուղայով։
Հիմա էլ այս ճանապարհը բաց է ադրբեջանական մեքենաների համար։ Եթե Հայաստանը թույլ չտա իր տարածքով Նախիջևանի հետ տրանսպորտային կապ հաստատել, մենք պատրաստ ենք Ադրբեջանին Իրանի տարածքով Նախիջևանի հետ կապող ավելի լավ ճանապարհ կառուցել։
Ադրբեջանը, Նախիջևանն ու Թուրքիան պետք է կապվեն իրանական հողերով. երկու երթուղիներով էլ Թուրքիան կարող է հեշտությամբ տեղափոխել իր ապրանքները Կենտրոնական Ասիա:
Բայց եթե նրանք ասում են, որ ուզում են հողի սեփականություն, այլ ոչ թե փոխադրում, ապա դա չի համապատասխանում միջազգային նորմերին և ազգերի ու կառավարությունների ազգային ինքնիշխանությանը»,- ասել է Այաթոլլահ Ամիլին: