Իտալացի Մաքսի ու երևանցի Մարիամի սերը Գյումրիում․ լուսանկարներ
Իտալացի Մաքսի ու երևանցի Մարիամի սերը Գյումրիում:
Shantnews-ը գրում է․ Գյումրիի «Կումայրի» պատմական միջուկում ներդրումները եղան կենտրոնի փողոցաշինական ծրագրի տրամաբանական շարունակությունը: Իսկ ներդրողները ոչ միայն արտերկրից են, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից, երբեմն էլ` երկուսը մեկում: Օրինակը հայ-իտալական ընտանիքն է, որը Գյումրիում իր փոքրիկ բիզնեսն է հիմնել. ընտանիքը դրա համար տարածք է ընտրել «Կումայրի» արգելոցի` 1800-ականներին կառուցված շենքը:
Իտալացի Մաքսի ու երևանցի Մարիամի հանդիպումն ու ծանոթությունը տեղի է ունեցել Գյումրիում: Հանդիպման օրվանից առաջացել է նրանց սերը ոչ միայն միմյանց, նաև Գյումրիի հանդեպ: Այսօր արդեն երիտասարդ զույգի ապագայի ծրագրերը բացառապես Գյումրիի հետ են կապված:
Հարսանիք Երևան-Գյումրի էլեկտրագնացքում: Ամռանը սա համացանցի ամենաշատ դիտումներ ունեցած տեսանյութերից մեկն էր, իսկ հերոսները Մարիամն ու Մասիմիլիանոն էին: Հայ հարսնացուի ու իտալացի փեսացուի համատեղ որոշումն էր հարսանիքն անել գնացքում, իսկ նպատակը ոչ թե յուրօրինակ երևալն էր, այլ իրենց ամուսնության օրը Գյումրի տեղափոխվելը:
Գնացքով եկան Գյումրի` այնտեղից չհեռանալու պայմանով: Ապրել Գյումրիում. սա իտալացի Մասիմիլիանոյի, կամ ինչպես նրան Մարիամն է անվանում՝ Մաքսի, սիրո խոստովանությունից հետո ասված խոսքերն են եղել հարսնացուին: Մաքսը Գյումրիի հյուրատներից մեկում է աշխատել, Մարիամը՝ Գյումրիի Թումո կենտրոնում: Երկուսի համար էլ Գյումրին իր ճարտարապետությամբ բացահայտում է եղել: Երիտասարդ զույգն առայժմ վարձակալությամբ բնակարան ընտրել է «Կումայրի» պատմական կենտրոնում՝ Շիրազի փողոցում: Հին ու քանդված տան արտաքին տեսքն է նրանց գրավել:
«Գյումրին պատմական ֆանտաստիկ քաղաք է: Ես Իտալիայից եմ` մի երկրից, որտեղ գնահատում են հին ճարտարապետությունը: Սա իսկական ադամանդ է: Ես այստեղ ինձ զգում եմ, ինչպես տանը: Հենց դրա համար եմ ընտրել այս քաղաքը: Ճարտարապետությունն արվեստ է: Այս տունը հրաշալի դուռ ունի, որը, իհարկե, ռեստավրացիայի կարիք ունի: Դիմային հատվածը անչափ գեղեցիկ է : Երբ տեսա դուռը, պատուհանները, միանգամից համաձայնեցի այս տունը վարձակալել»,-ասել է Մաքսիմիլիանո Ֆլորիանին:
Ցարական ժամանակաշրջանում կառուցված տունը հանդիպման վայրի է վերածվել: Մարիամն ու Մաքսը այս կիսաքանդ տանը հանդիպումներ ու զբոսաշրջային տուրեր են կազմակերպում, նաև համատեղում տուրիզմն ու դիզայնը: Մարիամն ու Մաքսը վերնաշապիկներ, մագնիսներ ու ուղեցույցներ են ձևավորում Գյումրիի տեսարաններով և հայերենում ամենաշատը օգտագործվող բառերով ու արտահայտություններով: Իրենց տունը, որը համատեղությամբ սրճարան է, հավաքատեղի ու տուրիստական ընկերություն է` «Կոնջե Լազիա»: Արտահայտությունը որևէ լեզվից չի թարգմանվում։
Այն, ինչպես և կառույցի գործառույթները, միախառնում է։ Հայերեն, իտալերեն ու ռուսերեն լեզուների մի քանի հնչյունների համատեղումից ստացել են արտահայտություն , որին այստեղ այցելող յուրաքանչյուր մարդ ինքը պետք է բացատրություն գտնի: Երիտասարդ զույգը որոշել է նաև նոր հյուրատուն կառուցել Գյումրիում: Դրա համար նոր տարածք են գտել քաղաքում, այս անգամ կենտրոնի փողոցներից փոքր-ինչ հեռու։ Գյումրիի զարգացումը միայն Կումայրի արգելոցի տարածքում չէ, որ պատկերացնում են:
«Հիմա Գյումրիի մոդան կա: Քանի որ ես Երևանից եմ, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է, և եթե հիմա տուն ընտրենք Ռուսթավելի կամ Շիրազի փողոցում, կստացվի, որ մենք նորից գնում ենք կենտրոնացման: Դրա համար ընտրեցինք այլ թաղամասում: Մեզ շատ է դուր գալիս Սլաբոտկա թաղամասը: Այդտեղից երևում է ամբողջ հին քաղաքը: Ուզում ենք, որ ամեն զբոսաշրջիկ, որ գալիս է Գյումրի, քայլի նաև այդ թաղամասով »,-ասել է Մարիամ Զաքարյանը:
Զույգը Գյումրիում զբոսաշրջությամբ զբաղվել պատահական չի որոշել՝ խոստովանում են, որ սա այն ոլորտն է, որի համար քաղաքն անսպառ պոտենցիալ ունի։
Աղբյուր՝ shantnews.am