Իջևանի հիվանդանոցում որդին իմանալով մոր մահվան մասին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, գոռգոռացել է բուժաշխատողների վրա
Հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ հանգուցյալի հարազատները հայհոյում են բժիշկներին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին հիվանդանոցի ընդունարանի բաժնի վարիչը հայտնել է, որ հունվարի 3-ին շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Իջևան համայնքի բնակիչներ 74-ամյա Ռ․ Ա․-ին և ամուսնուն, 74-ամյա Ա․ Բ․-ին, որտեղ կինը բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում հանկարծամահ է եղել։
Աղբյուրի տեղեկություններով հիվանդանոց է եկել հանգուցյալի որդին, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա տղամարդը իր ծնողի մահվան լուրը իմանալուն պես հիվանդանոցում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, անհետաձգելի բաժանմունքում գոռգոռացել է բուժաշխատողների վրա, միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով հարվածել է ընդունարանի մուտքի դռանը և դուրս է եկել հիվանդանոցի բակ ու այն շարունակել բակում։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



