Մամուլ

Իշխանությունն այս տարի կնշի «Քաղաքացու օրը» տարբեր միջոցառումներով

Իշխանությունն այս տարի կնշի «Քաղաքացու օրը» տարբեր միջոցառումներով

168.am-ը գրում է․ Ընդամենը 2 օրից՝ ապրիլի 29-ին, Հայաստանում կնշվի «Քաղաքացու օրը»:

Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալուց շուրջ 1 տարի անց՝ 2019 թվականի մարտին, իրեն հեղափոխական հռչակած Կառավարությունը լրացում կատարեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» և ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

Կառավարությունից 168.am-ին փոխանցեցին, որ միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը կարող ենք ստանալ ԿԳՄՍ նախարարությունից:
168.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության պատասխանատուների հետ, և մեզ պատասխանեցին, որ «Քաղաքացու օրը» նշվելու է տարաբնույթ միջոցառումներով.

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։

Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։

Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում:

Նշենք, որ «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպման համար 2019 թվականին Կառավարությունը 124 մլն դրամ էր հատկացրել, 2022-ին՝ 40 միլիոն: Թե որքան գումար է հատկացվել այս տարվա անցկացվելիք միջոցառումների համար, դեռ հայտնի չէ:

Կիսվել