ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

«Իշխանություններին զարմացնելու ենք…». Արման Աբովյան (Տեսանյութ)

«Իշխանություններին զարմացնելու ենք…». Արման Աբովյան (Տեսանյութ)

Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Իշխանությանը ցույց տվեցինք իրենց իրական դեմքը՝ առանց վիրավորանքի ու ամպագոռգոռ հայտարարությունների։ Ցույց տվեցինք կառավարման համակարգի այն կոլապսը, որը մենք ունենք, որոնց կավելանան նաև դատարկ խանութները, եթե այսպես շարունակվեց, ուստի, կրկնում եմ՝ կատարվողը իրավական գործընթաց չէ, ու դրա ապացույցն այն է, որ մեղադրանքներն անընդհատ փոխվում են, խառը վիճակ է»,- ասաց Աբովյանը։

Պատգամավորի խոսքով՝ բնական է, որ իշխանություններն ամեն կերպ հրաժարվում են ասել, որ գնում են քաղաքական հետապնդումների ճանապարհով։

«Հասկանում եմ, որ իշխանությունը գժվել է, բայց դե, մինչև վերջ չի գժվել, որ հայտարարի, որ գնում է քաղաքական հետապնդումների։ Ավելին, եթե համեմատեք այն պետությունների օրինակների հետ, որտեղ նմանատիպ գործընթացներ են տեղի ունեցել, կտեսնենք, որ իշխանությունների կողմից ասված տեքստերը քոփի-փաստ են արված այնտեղից։

Իշխանությունը, իհարկե, գնում է քաղաքական ինքնասպանության, բայց չի՛ արագացնում այդ գործընթացները։ Ես հայտարարում եմ՝ ստում են, երբ ասում են, թե Ծառուկյանը գիտեր իր շուրջ հարուցվող քրեական գործերի մասին, դրա համար նախահարձակ եղավ և փորձում է քաղաքական աստառ տալ երեկվա կատարվածին։

Կրկնում եմ՝ ստում են, որովհետև նրանք դա արեցին, որովհետև նրանց  ասացին՝ տղանե՛ր և աղջիկնե՛ր, դուք մսխել եք այն վստահությունը, որը մարդիկ ձեր նկատմամբ ունեին, իշխանությունը հայտնվել է բուռն ցնցումների մեջ,  որովհետև նրանց ասել են, որ դուք տանուլ եք տվել ամեն ինչ, իսկ իշխանությունը ցնցումների մեջ ընկավ Գագիկ Ծառուկյանի ասածներից հետո, որովհետև ամեն ինչ ասվեց ամենամեծ խորհրդարանական ընդդիմության ղեկավարի կողմից»,- ասաց Աբովյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ Ծառուկյանը վերջնականապես նման ելույթ ունեցավ, որովհետև արդեն հոգնել են երկու տարի իշխանության սխալներն ասելուց, բացատրելուց, ինչպես նաև դրանք ուղղելուն միտված առաջարկներ անելուց, որոնք մշտապես մնում են անպատասխան։

Հարցին, իսկ հոգնելուց բացի, արդյո՞ք փոշմանել են, որ 2018 թվականի մայիսի 2-ին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի և Ծառուկյանի հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը հյուրանոցի բակում ասաց, որ սատարելու են Նիկոլ Փաշինյանին, և, որ իրենք իրավիճակ փոխեցին, Արման Աբովյանն ասաց.

«Ո՛չ, չենք փոշմանել։ Մենք յուրաքանչյուր դեպքում եղել ենք, կանք ու կլինենք  ժողովրդի ընտրության կողքին, իսկ երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ մարդիկ հասկացել են մեկ բան՝ պաշտպանելով Գագիկ Ծառուկյանին, պաշտպանում են իրենց։ Պարադոքսալ բան տեղի ունեցավ նաև՝ մարդիկ, որոնք արել էին հեղափոխություն, երեկ արեցին հակահեղափոխություն»,- ասաց Աբովյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի գնահատմամբ՝ երեկ տրվեց հակահեղափոխության մեկնարկն այն դեպքում, երբ հրահանգ էր տրվել մարզպետներին՝ թույլ չտալ մարդկանց դուրս գալ մարզերից և իրենց գուղերից։

«Մտեք, գրեք, մարդկանց թույլ չտաք դուրս գան իրենց գյուղերից և նման բաներ, և սա այնքան ակնհայտ է, որ ապացուցելու բան էլ չկա»,- ասաց Աբովյանը։

Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ու բոլոր այն մարդկանց, որոնք համաձայն չեն երկրում ընթացող գործընթացների հետ, հայտարարված է պատերազմ, սակայն իրենք ունեն մշակած սցենար՝ այդ ամենին դիմագրավելու համար։

«Մենք հաշվարկել ենք մեր հետագա անելիքները, հաշվարկել ենք նաև իշխանության գործողությունները, պատկերացնում ենք՝ ինչ են անելու, և հասկանում ենք, թե ինչի  են ունակ իրենք։ Բայց կրկնում եմ՝ բոլոր սցենարներն  էլ հաշվարկել ենք և խոստանում ենք՝ իշխանություններին զարմացնելու ենք, և բազմաթիվ անգամներ, այնքան, մինչև խելքի գան։

Հիմա պարզապես փակագծերը չեմ բացի»,- ասաց Աբովյանը՝ շեշտելով, որ գիտեն իրենց անելիքների հերթականությունն անգամ այն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Առավել մանրամասն՝ 168․am-ի տեսանյութում

Կիսվել