Իշխանության մեջ չես նկատում իրականությունը․ Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, որ չունի ժողովուրդ․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
«Պատմականորեն եկեղեցու դեմ պատերազմողները երկու խումբ են.
1. Եկեղեցականներն ու նրանք, ովքեր գիտեն համակարգի էությունը, ինստիտուտի անցյալն ու պատմությունն առհասարակ և 2. նրանք, ովքեր պատերազմ են հայտարարում եկեղեցուն դրսից, առանց հասկանալու թե ինչ է այն, չիմանալով պատմություն և չհասկանալով թե ինչ է հավատը ներկայացնող կառույցը։
Այդ պատերազմում առաջինները հաղթելու շանս ունեն, իսկ երկրորդները ճակատագրված են պարտության, որովհետև չեն գիտակցում ու չգիտեն, որ անհնար է հաղթել այն հոգևոր ճարտարապետությանը և «աստրալ սահմանադրությանը», որի հաղթանակը պարտության մեջ է։ Դժվար է հաղթել մի կառույցի, որի գոյության բովանդակությունը զոհողությունն է, անձնազոհությունը և զրկանքներին դիմանալը։
Եթե անտեսենք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողի ակնհայտ աշխարհաքաղաքական տարրերը, ապա եկեղեցին հնազանդեցնելու Հայաստանի իշխանության լոկալ նպատակը պատմությունը փոխելու մոլեռանդ ցանկությունն է։ Յուրաքանչյուր հեղափոխություն պատմության նարատիվի փոփոխություն է, որը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել հակահեղափոխություն կամ ավելի մեծ հեղափոխություն կամ ավարտվում է՝ ժողովրդի անտարբերության կամ հոգնածության պատճառով։
Հայ Առաքելական եկեղեցու վրա առաջին հարձակումը եղավ հեղափոխության հաղթանակի հենց սկզբից։ 2018-ին սկսված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն ուղղորդում էին մի քանի բարձրաստիճան եկեղեցականներ՝ հեղափոխականների աջակցությամբ։ Այն ավարտին չհասցվեց երկու պատճառով.
1. Եկեղեցու ղեկավարությունը գտնվեց ավելի ճկուն, սկսեց երկխոսություն իշխանության հետ`ընդունելով հեղափոխությունը և 2. Այն եպիսկոպոսները, որոնք ուղղորդում էին այդ շարժումը, անհույս տականք չէին (կճոյան & co–ն նրանց մեջ չկային)։ Այն ժամանակվա ապստամբներն իշխանության և պատմության մեջ ընտրեցին պատմությունը։ Այսօրվա «կճոյանները»՝ ընտրեցին ոչ թե իշխանությունը, այլ իշխանությանը։
2018-ին ընդամենը հարձակում էր։ Եկեղեցին գրավելու իրական փորձն իշխանությունը նոր է սկսել։ Դա ունի 2 պատճառ։ Առաջինը՝ աշխարհաքաղաքական է, երկրորդը՝ պատմական։ Նիկոլ Փաշինյանը գիտի. եկեղեցին իր էությամբ պատմիչ է և պատմության շարադրող։ Եվ եթե հեղափոխությունը չի կարող փոխել փաստերը, ապա պարտավոր է փոխել պատմությունը։
2021 թվականից հետո, ժողովրդի որոշմամբ, Նիկոլ Փաշինյանը պահեց իշխանությունը, հնազանդեցրեց բոլոր ինստիտուտները։ Ու թվում էր՝ ամեն ինչ ընթանում էր կանխատեսելի հունով, բայց եկեղեցին խախտեց Նիկոլ Փաշինյանի ծրագրերը։ Արցախի հանձնումից հետո նա որոշել էր բոլորին լռեցնել՝ անտեսել Արցախը, գերիները, պարտությունը։
Մինչդեռ եկեղեցին ու Վեհափառը դարձան միակ համահայկական ինստիտուտը, որ բարձրաձայնում էին այդ խնդիրները՝ և երկրի ներսում և արտասահմանում։ Ու Նիկոլ Փաշինյանը հասկացավ. քանի որ եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել, այն պետք է փոխել։ Չէ՞ որ 2018-ից սկսած «հանիրավի մեղադրված» Պապ թագավորի մասին Նիկոլ Փաշինյանի օրինակները միայն դրա մասին էին. եկեղեցական «սխալ» պատմության։
Նիկոլ Փաշինյանը հասկացել է. իրեն արդեն կարգել են մեղավոր ու դավաճան։ Դրա հանրային կոնսեսուսն ու պատվերը կա, իսկ եկեղեցին՝ դա անելու է սրբագրելով ժողովրդին։ Ինչու եկեղեցի՞ն, որովհետև դա է իր պատմական առաքելություններից մեկը։ Նիկոլ Փաշինյանը խեղդվում է այդ հեռանկարից։ Ավելին՝ նա հայտնվել է պատմության քավարանում, երբ հասկանում է և՛ իր անցյալն է պրոբլեմ, և՛ իր ապագան։ Ու անում է է՛լ ավելի մեծ սխալներ։ Այսօրվա արած սխալը, ծանրացնում է մեղքերի այն բեռը, որ ունի անցյալում և ավելի հուսահատ դարձնում այն ապագան, որն իրեն սպասում է։
Մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդն ապրում է իր, թերևս, ամենաերջանիկ շրջանը. մարդ ում համարում էին մերձիշխանական, անվանում պալատական, այսօր դառնում է իշխանության հալածանքներին դիմակայող պատմական կերպար։ Գարեգին 2-րդի երկրային բոլոր սխալները և մեղքերը իշխանության ամեն հարվածից հետո մթնում են պատմական առաքելության շողի ներքո։ Որքան ուժեղ հարվածեն Գարեգին 2-րդին, այնքան պատմության մեջ նա ավելի է փայլելու։ Որովհետև Վեհափառի ու Նիկոլ Փաշինյանի միջև ժողովուրդն արդեն ընտրել է ով է դավաճանը։ Այն դավաճանը, որ սատանա դուրս եկավ. ապացույցը եկեղեցու դեմ նրա շարժումն է, նույնիսկ անհավատների համար։
Սա քաջ գիտակցում են այն հոգևորականները որոնք անցնում են ճնշումների և զրկանքների միջով։ բոլորը հասկանում են, թե պատմությունը ինչպես է հիշելու բանտարկվածներին և մեծ ու փոքր կճոյաններին։ Արշակ Սրբազանի ու կալանված մյուս եպիսկոպոսների զրկանքները և նրանց դեմ մղվող պայքարը այդ հոգևորականերին մտցնում է պատմության մեջ, ընդ որում՝ պատմության ճիշտ կողմը։
Հիմա այլևս կարևոր չէ, թե ով ինչ հիմնադրամ էր ղեկավարում, ով ում էր մերժում կամ սատարում, քանզի երկրային մեղքերը զրոյանում են պատմական դավաճանության դեմ։ Եթե Արշակ Սրբազանին վաղը ԱԱԾ նկուղում գտնեն կախված (Սրբազան ներիր օրինակի համար), դա ամենալավ նվերը կլինի և՛ եկեղեցուն և՛ Արշակ սրբազանին, որին ժողովուրդը արագ կսրբադասի, և կունենա 21-րդ դարի իր խղճի առաջին մարտիրոսը։
…Իշխանությունը հետաքրքիր հիվանդություն է։ Իշխանության մեջ ժամանակը չես զգում։ Այն արագ է ընթանում և թվում է հավերժություն։ Եվ որքան էլ կարդում ես զեկույցներ կամ սոցցանցային մեկնաբանություններ, միևնույն է չես զգում իրականությունը։ Եվ կամա թե ակամա կորցնում ես կապը ժողովրդի հետ։
Ես վստահ եմ, որ պատմության «սրբագրիչները» դեռ չեն հասկացել իրենց համար ամենացավալին. ժողովուրդն իսկապես որոշել է, ով է դավաճանն ու մեղավորը՝ նույնիսկ սպասվող մեղքերի համար։ Ու նրանց չի ներելու իր իսկ սխալ ընտրությունը։ Ու չի ներում իր իսկ հուսախաբությունը։ Ու միացրել է մսաղացը, որը խժռելու է Նիկոլ Փաշինյանին ու նիկոլականներին։ Ամեն անցած օր ավելացնում է Նիկոլ Փաշինյանի մեղքերը և ժողովրդի զայրույթը։
Իրավիճակը շատ պարզ է. ժողովուրդը անցյալում թողեց «ղարաբաղյան կլանը», իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը։ Ժողովուրդը հաղթեց և տուն ուղարկեց Սերժ Սարգսյանին, և Նիկոլ Փաշինյանի ձեռքով մուռ հանեց Ռոբերտ Քոչարյանից՝ բանտարկեց, իսկ հետո զրոյացրեց, հաղթեց բոլոր «դևերին» (այլ բան, որ պարզվեց՝ «դևերի» մեծ մասը փափուկ խաղալիքներ էին), Ադրբեջանը չի հարձակվում, Թուրքիայի հետ սկսվել է բարեկամություն, փողը կա, Ռուսաստանը չպատժեց, իսկ Իրանը անօգուտ դուրս եկավ։
Բայց երջանկությունը չեկավ։ Հետևաբար պիտի լինի մեկը, որ պատասխանատու է երկրի անծայրածիր խնդիրների համար. ժողովրդավարության անկումից մինչև արդարադատության վերացում, պետական ահռելի պարտքից մինչև Արցախի հանձնում, Բաքվում մոռացված գերիներից մինչև 44 օրյա դավաճանված պատերազմ, պառակտված ազգից մինչև հարձակման ենթարկված եկեղեցի։ Այս խնդիրների մարմնացումը Նիկոլ Փաշինյանն է։
Բայց առայժմ Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ուղիղ չի մեղադրում այդ խնդիրների համար, քանի որ համասեփականատեր և համապատասխանատու է դրան։ Չէ որ ինքն է ընտրել։ Ու այդ ընտրության մասին ամեն օր նրան հիշեցնում են և՛ Նիկոլ Փաշինյանը և՛ ընդդիմությունը։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դժգոհությունը արտահայտում է փողերի ու կոռուպցիայի մասին փաստերով կամ լեգենդներով, որոնց տալիս են հանիրավի մեծ կշիռ, եթե նժարի վրա դնենք Նիկոլ Փաշինյանի արյունալի և պատմական մեղքերը։
Դրա վառ օրինակը Աննա Հակոբյանն է, որի նկատմամբ ատելությունը հավասար է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ երբեմնի հանդուրժողականությանը։ Ու այստեղ կարևոր չէ իրականությունը. Աննա Հակոբյանը դարձել է մեր ժամանակների «…իկը»…և եթե նախկինում ժողովուրդը, սորոսական համակարգի ձեռամբ, բաշխել էր «…իկ»-երը մի քանի մարդու միջև, այսօր Աննա Հակոբյանին, ժամանակին հայոց թագուհի կարգած ժողովուրդը հավասարեցրել է պատմական ֆիգուրների Մեսալինայից մինչև Իմելդա Մարկոս։ Ու կարևոր չէ, թե Աննա Հակոբյանը ինչ է արել կամ նրան ինչ է պատկանում։ Այդ ամենն ատելության հետևանք են՝ բանահյուսության տեսքով։ Եվ սրա դեմ չկա հակաթույն։
Բայց խնդրահարույց են ոչ միայն ասեկոսեները։ Նիկոլ Փաշինյանի բոլոր որոշումները և քայլերը նույնպես իմաստազրկվել են։ Նոր բարեփոխում, ասֆալտ, լուսավոր փողոց, թե թոշակի բարձրացում՝ ընկալվում է որպես սովորական երևույթ, չի նկատվում, չի գնահատվում։ Յուրաքանչյուր նախադասություն, որ նախկինում դառնում էր հումորի կամ հիացմունքի առարկա, հիմա արժանանում է ծաղրանքի կամ գեներացնում նոր ատելություն։
Ինչ վերաբերում է կաթողիկոս փոխելուն, ապա այստեղ էլ Նիկոլ Փաշինյանի համար չկա լավ ելք. Նախ, հեղափոխական մեթոդները չեն աշխատոմ։ Համաձայնեք, եթե նրա հետ լիներ 20,000 հոգի, Լոս Անջելեսից մինչև Կրասնոդար, ժողովուրդը ալեկոծեր սոցցանցերը, ամբողջ էջմիածինը պատված լիներ «Գարեգին 74» սև ժապավեններով, Գլենդելում ամերիկահայերը եկեղեցու դիմաց ակցիա անեին ու գոռային «մարդասպան», սրբազանները իրենք կգնային վեհափառի մոտ, խնդրելով ընդունել ժողովրդի կամքը։
Ահա սրան էր տանում Նիկոլ Փաշինյանը, երբ սկսեց այս շարժումը։ Ահա սրա մասին եմ ասում, որ իշխանության մեջ չես նկատում իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, որ չունի ժողովուրդ։ Չունի, եթե նույնիսկ հաղթի բոլոր ընտրությունները այսօրվանից սկսած ու քսան տարի շարունակ։
Որովհետև ժողովուրդն իր ամենակարևոր ընտրությունը կատարել է. նշանակել է իր դժբախտության հերթական ու ամենամեծ մեղավորին։ Ինչու ամենամե՞ծ. որովհետև առաջինն է, որին իրենք են «ընտրել»։ Մնացածները «նշանակված» էին կամ դիտվում էին որպես «զավթիչներ»։
Իսկ այս շարժման վերջում….անիծված է լինելու նոր կաթողիկոսը, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանին հաջողվի փոխել։ Եվ Սրբադասված է լինելու Գարեգինը 2-րդը կամ անիծվելու է, եթե ընդունի Նիկոլ Փաշինյանի «կրոնը»։
Այս ամենին ժողովուրդը ուշադիր հետևում է։ Եվ փնտրում է դավաճանի մեղսակիցներին։ Չէ որ ժողովուրդը չի կարող լինել մեղավոր»,- գրել է Մինասյանը։



