Ինքն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, պրոֆեսիոնալ զինվորականի նման. Դավիթի հոր գրառումը
Ինքն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, պրոֆեսիոնալ զինվորականի նման. Դավիթի հոր գրառումը
Դավիթ Գիշյանի հայրը՝ Բարսեղ Գիշյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Երկու տարի առաջ այս օրվա գիշերը, սեպտեմբերի 13-ի լուսաբացին, Սյունիքի վրա հարձակման ժամանակ ծանր վիրավորվեց տղաս՝ Դավիթը։ Չէր կարողանում շարժվել, դեռ մութ էր, քիչ անց վիրավոր տղայիս գլխին կանգնեցին ազերիները և ժամեր անց զոհվեց։
Մեկ էլ, երբ նա լուսաբացին վիրավոր պառկած էր գետնին, մի շուն էր անհանգիստ, անընդհատ վազում դեռ մութ անտառի եզրին, հեռվից հետևում նրան, դիրքերում շներ են լինում, որոնց զինվորներն են կերակրում, պահում, երևի այդ շներից մեկն էր։
Տղայիս ճակատագիրը որոշվեց էն պահին, երբ գիշերվա 4-ի մոտերքը նահանջի ժամանակ դիրքում մնաց վիրավոր զինվոր (կա վիդեո, ինձ ցույց տվեցին ծառը, որի տակ տեղավորել էին արկի բեկորից վիրավորված զինվորին)։
Ներկաներից մի քանիսը պատմեցին, որ իրենք տեսան վիրավորի հետևից գնացած Դավիթի «խփվելը», բայց չգնացին նրա հետևից։ Դիրքը գրավված էր, եթե գնային իրենք ևս զոհվելու էին և ես կրկնակի, եռակի մեղքի տակ էի ինձ զգալու, մտածելու էի իմ տղան մահացու վիրավորում էր ստացել, նրա հետևից գնացին և զոհվեցին։
Ինքն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, պրոֆեսիոնալ զինվորականի նման, հեռախոսը շպրտել էր ներքևի ձորը, փակել էր իր ֆեյսբուքյան էջի մուտքը Թուրքիայից և Ադրբեջանից, կոշիկները ամուր կապված էին, հագել էր իր ոչ նոր զինվորական հագուստները, որոնք ավելի հարմար էին մարտական պայմաններին (սա տեսա ազերիների վիդեոյում), այսինքն՝ ինքն իմացել է ազերիների հարձակման մասին, բայց մեզ հետ վերջին 3 օրը չէր խոսում։
Բայց ինքը «սխալվել» էր գրավված դիրք վերադարձի հարցում, քանի որ ոչ թե սառը հաշվարկ էր արել սովորականի նման, այլ առաջնորդվել էր էթիկայով ու բարոյականությամբ։
Վիրավորի հետևից միայնակ հետ գնալը հուսահատ քայլ էր, դիրքն արդեն ազերիների ձեռքին էր։ Տղաս միայն 19 տարեկան էր, բայց պարտքի, խղճի ու որոշակի վարքականոնի տեր մարդ էր, հավատացյալ չէր, բայց Սյունիքի լարված շփման գծում լինելը նրան մի քիչ ֆատալիստ / ճակատագրապաշտ էր դարձրել, սկսել էր խաչ կրել ու զոհվելուց 1․5 ամիս առաջ դիրքերում խաչն էր կորցրել, որը վատ նշան էր համարել, մի խոսքով, հավատացյալ չէր, բայց ուզում էր իր խղճի առաջ մաքուր լինել։
Բայց Դավիթիս ծանր վիրավորվելը նրա հետ կատարվածի վերջը չէր, դեռ պիտի նկարեին «ուսը կապելու» հայտնի վիդեոն և հետո․․․ տղայիս գլխի հետևի մասում, որը չէր երևում ոչ կողքից և ոչ էլ առջևից, ատրճանակի կոթով 4 խփած տեղեր կային, ոչ ծանր, երկուսը թեթև, իրարից ոչ հեռու։ Զինվորականները, որ ծանոթ էին այս ձեռագրին, ասացին, որ ազերիների սպայական կազմից ինչ-որ մեկն է խփել իր ատրճանակի կոթով։
Նրանց ասելով ծանր վիրավորին, որը արյունաքամվում էր, նրան շատ քիչ էր մնացել ապրելու, փորձել են ստիպել ինչ-որ բան ասել կամերայի առաջ։ Կամերան բռնել են և պահանջել։ Որպեսզի նկարահանած կադրում չերևա՝ հատուկ խփել են գլխի հետևի մասից, նորից են կամերան բռնել, նորից են պահանջել, չի ասել․․․ այսպես 4 անգամ։ Եթե եթեր չեն տվել, ինչպես ուսը կապելու տեսարանը, ուրեմն չի ասել․․․ (ես կողմ եմ, որ կյանքը փրկելու համար ինչ-որ բան ասեն)։
Իր մարմինը զննելով հասկացա, որ նա հիանալի իմացել է, որ իր կյանքի վերջն է, իմացել է, որ իր կյանքը խլեցին, գիտեր դա ինչ ողբերգություն է իր ընտանիքի համար, գիտեր, որ իր կյանքը գնաց ու հիմա էլ կամերայի առաջ ուզում են սպանել իր «հպարտությունը», «արժանապատվությունը», ի ցույց մեզ բոլորիս, որ այդպես մեզ բոլորիս սպանեն ու խեղճացնեն հոգեբանորեն։ Եթե նման վիդեո չի հայտնվել, ուրեմն ոչինչ չի ասել, թե չէ հաճույքով ցույց կտային։
Դավիթս պետք է արյան մեջ լիներ՝ ելնելով նրա վիրավորման բնույթից, բայց նրան հետ էին տվել մարմինը լվացված»։